Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ զոհված 19-ամյա Սուրեն Սաֆարյանն ազգությամբ եզդի էր, եղբայրն էլ 44-օրյա պատերազմի օրերին էր ծառայության մեջ. Ալագյազի համայնքապետ

Երեկ զոհված 19-ամյա Սուրեն Սաֆարյանն ազգությամբ եզդի էր, եղբայրն էլ 44-օրյա պատերազմի օրերին էր ծառայության մեջ. Ալագյազի համայնքապետ
Հասարակություն
14:44, 23 ноябрь 2021
«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին զոհված Սուրեն Սաֆարյանի ընտանիքը հինգ երեխայից էր բաղկացած՝ երկու քույր, որոնք ամուսնացած են, և երեք եղբայր: Եղբայրները ծառայած էին, նրանցից մեկը ծառայել էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Սուրենը փոքր տղան էր»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար, ազգությամբ եզդի Ջասմ Մախմուդովը:

Նա նշեց, որ մոտ մեկ տարվա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Սուրեն Սաֆարյանը Ալագյազ խոշորացված համայնքի Սադունց բնակավայրից  էր, և նրա ընտանիքը համայնքում մեծ հարգանք է վայելում. «Մեր համայնքը՝ Ալագյազ եզդիական համայնքը, 11 գյուղից է բաղկացած, մեծ մասը եզդիներ են, բնակչության մոտ 15-20 տոկոսն են հայեր: Բոլոր եզդի տղաներն էլ գնում են ժամկետային զինծառայության ու չեն դժգոհում, շատերն էլ մասնակից են նաև քառօրյա ու քառասունչորսօրյա պատերազմներին, իրենք միշտ պետության կողքին կանգնած են: Ներկայումս էլ մեր համայնքից տասը զինվոր ունենք, որ մասնակցում են եռամսյա հավաքներին»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է Սուրեն Յուրիկի Սաֆարյանը: Սուրեն Սաֆարյանը ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում 2021թ. հունվարին:

Ալագյազի համայնքապետարանը Ֆեյսբուքի պաշտոնական էջով տեղեկացրել է, որ հերոս Սուրեն Սաֆարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Սադունց բնակավայրի իր տանը։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 13։00-ին, Սադունց բնակավայրի գերեզմանատանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից  սպանության դեպքի առթիվ:

Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների արդյունքում, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:

Կատարվում է նախաքննություն: