Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական գործողությունների մասնակից ուսանողների համար տրվել է 1,4 միլիարդ դրամի փոխհատուցում. ԿԳՄՍ փոխնախարար

Մարտական գործողությունների մասնակից ուսանողների համար տրվել է 1,4 միլիարդ դրամի փոխհատուցում. ԿԳՄՍ փոխնախարար
Հասարակություն
13:38, 27 декабрь 2021
«Առաջին հերթին մենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը սահմանված կարգով  դրել ենք շրջանառության մեջ և հուսով ենք, որ արդեն գարնանը դա կներառենք նստաշրջան, և այն կետերը, որոնք ճանաչվել էին հակասահմանադրական, լրամշակվել են, և համապատասխանաբար կլինի արդեն նոր, ավելի ճշգրտված և այդ կետերին չհամապատասխանող կետերի ուղղված տարբերակը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով 2021 թվականին իրականացված աշխատանքները, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը։ 

Փոխնախարարի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը, որ իրականացվել է, դա 2016 թվականի փետրվարի 25-ի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծն է, որտեղ 2022-2023 թվականներին ասպիրանտուրայի ընդունելության կարգն է փոփոխվել՝ այլևս պետք չէ հանձնել համակարգչային հմտություններ գիտելիքների ստուգման տեսանկյունից, որովհետև կարծում են, որ դա արդեն ժամանակավրեպ է, և ուսանողները կամ հայցորդները, որոնք պետք է ընդունվեն ասպիրանտուրա, պետք է հանձնեն օտար լեզվից համապատասխան քննություն և, իհարկե, մասնագիտական քննություն։ Փոխնախարարը նշեց, որ հունվարի վերջին արդեն կլինի փոփոխված որոշումը, և դիմորդները կտեղեկանան այդ մասին։ 

«Միասնական քննությունների տեսանկյունից ունենք նոր մոտեցում, այսինքն՝ դիմորդները պետք է հանձնեն ոչ թե մեկ քննություն միայն հունիսին, այլ մենք նպատակահարմար ենք համարել հնարավորություն տալ դիմորդներին միասնական քննություն հանձնելու երկու անգամ և ստուգելու իրենց գիտելիքները»,- ասաց փոխնախարարը։

Այնուհետև փոխնախարարը տեղեկացրեց, որ 20-21 և 21-22 ուսումնական տարիների համար պետության կողմից փոխհատուցում ստացած մարտական գործողությունների մասնակից ուսանողների, այդ թվում՝ ամուսին, ծնող շահառուների թիվը ներկայումս 6330 է, և ընդհանուր առմամբ 1,4 միլիարդ դրամի փոխհատուցում է ստացվել, ինչը կրելու է շարունակական բնույթ և՛ 21-22 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար, և՛ 22-23 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։