Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախական հեռուստատեսությունը ցույց է տվել ձերբակալված ցուցարարներից մեկին. պարզվում է նա ղրղզ հայտնի ջազմեն է․ hetq.am

Ղազախական հեռուստատեսությունը ցույց է տվել ձերբակալված ցուցարարներից մեկին. պարզվում է նա ղրղզ հայտնի ջազմեն է․ hetq.am
Հասարակություն
15:32, 10 январь 2022
Ղազախստանի պետական Qazaqstan և Хабар 24 հեռուստաընկերություններն իրենց սոցիալական ցանցերի էջերում հրապարակել են բողոքի ցույցերի արդյունքում ձերբակալվածներից մեկի տեսանյութը, որը, ինչպես նշվում է տեսանյութում, ժամանել է Ղրղզստանից և բողոքի ցույցերին մասնակցելու համար ստացել 90 000 տենգե (մոտ 206 ԱՄՆ դոլար)։ 

Տեսանյութի հերոսի խոսքով՝ հունվարի 1-ին իր հետ կապ են հաստատել «անհայտ անձինք», որոնք առաջարկել են մասնակցել բողոքի ցույցերին։ Երբ նա համաձայնվել է, անհայտ անձինք վճարել են դեպի Ալմաթի թռիչքի տոմսն ու Տաջիկստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների հետ տեղավորել բնակարաններից մեկում։ Ձերբակալվածը բողոքի ցույցերին մասնակցելու իր համաձայնությունը բացատրել է նրանով, որ «գործազուրկ է»։ Տեսանյութից երևում է, որ տղամարդը ծեծված է։

Meduza-ն, հղում անելով Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, գրում է, որ վերջինս հանրապետության իրավասու մյուս մարմինների հետ պարզում է «այդ քաղաքացու ձերբակալության փաստի հանգամանքները»։ Ղրղզստանի ԱԳՆ-ն Ղազախստանում գտնվող իր մյուս քաղաքացիներին կոչ է արել պահպանել այդ երկրի օրենքներն ու «չտրվել սադրանքների»։ 

Իր հերթին ղրղզական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները հայտնում են, որ տեսանյութում դաշնակահար, Բիշքեկի ջազային նվագախմբի ղեկավար Վիկրամ Ռուզախունովն է, որը հաճախ հյուրախաղերով հանդես էր գալիս Ալմաթիում։ Նրան ճանաչել են հարազատները, այդ թվում քույրը և մայրը, ինչպես նաև գործընկերները։

Ռուզախունովի հարազատների խոսքերով՝ երաժշտին տանջել են, նրան պահում են անհայտ վայրում։ Նրանք չեն կարող կապ հաստատել նրա հետ, դեմ են հանդես գալիս Ռուզախունովի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքներին և պատրաստվում են դիմել Ղրղզստանի ԱԳՆ։

Երաժշտի մտերիմներից երգչուհի Յուլիա Ռուցկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հաստատել է, որ տեսանյութոմ Ռուզախունովն է։ Նրա խոսքով՝ բոլոր խոստովանությունները, որոնք երաժիշտը հնչեցնում է տեսանյութում, կեղծ են։ Ռուցկայան իրավապահ մարմիններին, Ղրղզստանի մշակույթի նախարարությանը և ԱԳՆ-ին խնդրել է քայլեր ձեռնարկել և դաշնակահարին պաշտպանել «անօրինականությունից և մսաղացից», որի մեջ ջազմենին փորձում են ներքաշել Ղազախստանի իրավապահ մարմինները։

Բիշքեկում Ղազախստանի դեսպանության մոտ բողոքի ակցիա է սկսվել՝ ի պաշտպանություն Ռուզախունովի։ Նրա մոտ 20 գործընկերներ և աջակիցներ պահանջել են կարգավորել իրավիճակը։ Ցուցարարներին է մոտեցել Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը։ Նա ասել է, որ երաժիշտը ահաբեկիչ չէ և նշել, որ նրանք, որոնք Ռուզախունովի դեմ հետաքննություն են իրականացնում, «կամ շփոթվել են կամ ցանկացել ղեկավարության մոտ աչքի ընկնել»։ Դաշնակահարի ձերբակալության հետ կապված Ղրզստանն արդեն իսկ բողոքի նոտա է հղել Ղազախստանին, նաև Ղրղզստանի ԱԳՆ է կանչվել Ղազախստանի դեսպանը։

Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հղում անելով Ռուզախունովի բարեկամներին, հայտնել է, որ երաժիշտն իսկապես հունվարի 2-ի երեկոյան մեկնել է Ղազախստան, որտեղ նրան հրավիրել էին «համերգային ծրագիր անցկացնելու նպատակով»։ Ընդորում, դեպի Ալմաթի ավիատոմսը գնվել է դեռ դեկտեմբերի 16-ին։ Գերատեսչությունը հաստատել է, որ ավելի վաղ Ռուզախունովը Ղազախստան է մեկնել միայն համերգների անցկացման և երաժշտական փառատոններին մասնակցելու համար։ Ղրղզստանի ՆԳՆ-ն ստուգումներ է անցկացնում Ռուզախունովի ձերբակալության փաստով։

«Մտահոգություն են առաջացնում արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներում այն հրապարակումները, որտեղ Ղրղզստանից ջազ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովին փորձում են ներկայացնել որպես ապակառուցողական տարր, որը Ղազախստան է ժամանել իբր բողոքի ցույցերին մասնակցելու համար»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաևը։ Ղրղզական իշխանությունները հույս ունեն, որ Ղազախստանի իրավասու մարմինները մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն և կպարզեն տեղի ունեցածի պատճառները։

Այն բանից հետո, երբ հրապարակված տեսանյութում ճանաչել էին ղրղզ երաժշտին, ղազախստանյան Նեխաբար տելեգրամյան ալիքը, հղում անելով «ուժային կառույցների ներկայացուցիչներին», գրել է, որ Ռուզախունովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեսանյութում պատկերված տղամարդը 31-ամյա Զաքիր Ուբուրովն է։

Աղբյուր՝ hetq.am