Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկակ Արշամյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու կենսական նշանակության ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին

Հայկակ Արշամյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու կենսական նշանակության ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին
Հասարակություն
18:34, 17 февраль 2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին: 

Բերքաբեր համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի հետ և հետևել պոմպակայանի, բաշխիչ ավազանի և խողովակաշարերի շինարարական աշխատանքներին, նաև քննարկել մի քանի հեռանկարային ծրագրեր:

Նշենք, որ Բերքաբերում իրականացվող  ջրամատակարարման ծրագիրը նպաստում է ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը:   Ծրագրի ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 140 հեկտարով:

Հաջորդիվ՝  հիմնադրամի թիմն այցելել է Բաղանիս համայնք:  Ծանոթացել է խմելու ջրի համար նախատեսված գլխամասային կառուցվածքի և մոտեցնող ջրագծի շինարարական  աշխատանքների ընթացքին: Տվյալ ծրագրի իրականացումից հետո Բաղանիս համայնքը կունենա նոր արտաքին ջրագիծ, ինչը կապահովի համայնքի 24–ժամյա ջրամատակարարումը: 

Նշենք, որ 3200 մ երկարությամբ նոր ջրագծի  շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է կենսական նշանակության ծրագրեր իրականացրել թե՛ ՀՀ և թե՛ Արցախի տարբեր համայնքներում: