Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պապան բարձրացել է վերեւ, էնտեղ է զինվորների կյանքը փրկում»․ բժիշկը, որ մինչեւ վերջ մնաց ռազմաճակատում. hetq.am

«Պապան բարձրացել է վերեւ, էնտեղ է զինվորների կյանքը փրկում»․ բժիշկը, որ մինչեւ վերջ մնաց ռազմաճակատում. hetq.am
Հասարակություն
17:05, 23 февраль 2022
2020 թ. սեպտեմբերի 30-ին Սառայի ծննդյան օրն էր։ Բժիշկ Հարություն Չոբանյանը սովորականից լուռ էր, անհանգիստ ու նյարդային։ Այդ օրը նա լսել էր ընկերոջ՝ Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի զոհվելու բոթը։ Դստեր 4-ամյակի ծննդյան սեղանից գրեթե չօգտվեց։ Այդ օրն աշխատավարձ էր ստացել․ կեսը կնոջն էր տվել, մյուս մասով դեղեր էր գնել՝ ռազմաճակատ տանելու համար։ Դեղատնից տուն գալուց կնոջը խնդրել էր իր տված գումարի կեսն էլ, որովհետեւ էլի դեղեր պիտի գներ։

Հոկտեմբերի 1-ին Հարություն Չոբանյանը իր կուրսի 5 բժիշկների հետ մեկնել էր ռազմաճակատ։ Այդ օրը չափազանց հանգիստ էր։ Գնալուց առաջ մի քանի անգամ ննջասենյակ էր մտել, որտեղ դեռ երեք ամսականը չլրացած որդին էր քնած՝ Ռուբենը...

Հրազդան քաղաքի բնակարանում ենք, որտեղ ապրել է բժիշկ Հարութը։ Պատին կախված լուսանկարի տակ՝ մանկական բազմոցին, Սառան է նստել՝ շախմատի խաղաքարերը շուրջը թափված։ Ժամանակին հայրն էր սիրում շախմատ խաղալ։ Իսկ Ռուբենն արդեն քայլում է, պահարաններն է «քանդում»։

«Ռուբենին տվեց մեզ ու ինքը գնաց»,- ասում է բժշկի մայրը՝ Երանուհի Շահնազարյանը։ Դժվար է խոսել որդու մասին անցյալ ժամանակով, այդ ցավը պարզապես տեսնում ես նրա աչքերում, երբեմն դադարներով, խորը հոգոցներով խոսքի մեջ։ Հարութը նրա երկու զավակներից ավագն էր, կրտսերն աղջիկն է։

Պատմությունն սկսում ենք Հարութի մանկությունից։ Տխուր ժպիտ է հայտնվում տիկին Երանուհու դեմքին։ Ասում է՝ երբ որդին 4-5 տարեկան էր, «Տորք Անգեղն» ու «Սասունցի Դավիթն» էր արտասանում։ Այդ ժամանակից էլ, ասում է, պարզ էին նրա ունակությունները։ Ընտանիքով մտածում էին, որ Հարութը բժիշկ է դառնալու: 2009 թ․ ընդունվել էր Երեւանի պետական բժշկական համալսարան, երրորդ կուրսում տեղափոխվել էր ռազմաբժշկական ֆակուլտետ։ «Հայրն ասաց՝ իրո՞ք ուզում ես, որովհետեւ դու պետության մարդն ես դառնալու, զինվորական մարդ ես լինելու։ Ասեց՝ հա, ես ուզում եմ, եւ չասեց պատճառը»,- պատմում է մայրը։

Ավարտելուց հետո վիճակահանությամբ պետք է որոշվեր այն զորամասը, որտեղ ծառայելու էր Հարութը։ «Կուրսում 7 հոգի էին, մտածում էին՝ մի տեղը կարող է Հայաստանում լինի, եւ էդ մի տեղն էլ կարող է Հարութը քաշի։ Հույսով սպասում էինք։ Զանգեց, ասեցի՝ հը՞ն, Հարութ, որտե՞ղ ես ընկել, ասեց՝ Հադրութ, շատ լավ տեղ ա, Հադրութից լավ տեղ չկա, բայց դեռ ինքն էլ չգիտեր, թե որտեղ ա»,- ասում է տիկին Երանուհին։

Սառան արդեն ծնվել էր։ Դստեր մի տարեկանը 2017 թ. հենց Հադրութում էին նշել։ Արմինեն ու Հարութը սովորում էին նույն դպրոցում, իսկ վերջին տարին՝ նույն դասարանում։ Ընկերություն անում էին դպրոցական տարիներից։ 2015 թ․ ամուսնացան, մեկ տարի անց ծնվեց Սառան։ Դստեր անունը միասին էին ընտրել։

Հադրութում մեկ տարի մնալուց հետո Հարութի քրոջ ընտանիքն էր միացել նրանց։ Քրոջ ամուսինը եւս ռազմական բժիշկ էր, եւ ծառայության էր անցել Արալեռի զորամասում։ Սկզբից օտար թվացող Հադրութն արդեն հարազատ էր դարձել նրանց։ Տավուշի Այգեհովիտ գյուղից, որտեղ բնակվում են Հարութի ծնողները, հաճախ էին այցելում նրանց։

«Հիմա աչքերս փակում եմ՝ Հադրութն է։ Շատ հաճախ էինք գնում։ Իջեւանից 400 կմ էր»,- ասում է տիկին Երանուհին։

44-օրյա պատերազմից առաջ լրացել էր Հարութի ծառայության 3 տարին։ 2020 թ․ հուլիսի 2-ին էլ Ռուբենն է ծնվել։ Այդ օրերին բժիշկն արձակուրդում էր, բայց մեկ շաբաթ էլ չհասցրեց որդուն տեսնել։ Տավուշյան դեպքերի պատճառով նրան հետ էին կանչել Հադրութի զորամասից։ Դրանից հետո՝ օգոստոսին, Հարություն Չոբանյանն ընդունվել էր օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ։ Մեկ շաբաթ հազիվ հասցրեց դասի գնալ, երբ պատերազմը սկսվեց։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան լուրերով էր իմացել պատերազմի մասին։ Անմիջապես զանգել էր Հադրութ՝ ընկերներին, հետո կնոջը խնդրել էր պայուսակը պատրաստել։ Բայց զինկոմիսարիատները նրան եւ կուրսի 5 բժիշկներին ուղեգիր չէին տալիս, առաջարկել էին Երեւանի հոսպիտալներ գնալ, այնտեղ օգնել վիրավորներին, բայց տղաները հրաժարվել էին, գնացել էին ՊՆ, դիմում գրել, որ իրենց ուղարկեն այն զորամասերը, որտեղ 3 տարի ծառայել են։ Մի մեքենա դեղ էին գնել ու մեկնել ռազմաճակատ։

«Ասեցի՝ ինչի՞ ես շտապում, երբ կանչեն, կգնաս։ Ասեց՝ հասկանո՞ւմ ես, էնտեղ էրեխեք են, ամեն մի ստից բանից զոհվում են, չգնա՞մ, ես 3 տարի դրան եմ սովորել։ Ասեց՝ բժիշկ չկա, մի քանիսն են, փորձ չունեն, իսկ մենք ունենք»,- ասում է մայրը:

Հոկտեմբերի 1-ին Հարութն անընդհատ ձգձգում էր տնից դուրս գալը։ Արմինեն ասում է՝ նախորդ օրերի լարվածությունն ու անհանգստությունը չկար։ Նույնիսկ ինքն էր հարցրել ամուսնուն, թե արդյոք չի ուշանում։ Ռուբենը քնած էր, Արմինեն ու Սառան նրան ճանապարհեցին, ապա պատուհանից մի անգամ էլ հաջողություն մաղթեցին։ Արմինեն ասում է՝ այդ օրերին անհանգիստ չի եղել, չգիտեր, թե ինչ է պատերազմը, նաեւ մտածում էր, թե բժիշկը պատերազմի դաշտում ամենաապահով վայրում պետք է լինի։ Այդ հանգստությունը փորձել էր փոխանցել տիկին Երանուհուն՝ ասելով, որ ճանապարհելիս լաց չլինի, բժիշկ է, գնում է կյանքեր փրկի։

Հարութի ծնողները Այգեհովիտից հասել էին Երեւան՝ նրան ճանապարհելու։ Մայրը որդուն երկու բան էր խնդրել՝ զրահաբաճկոնը չհանել եւ օրական գոնե մի անգամ զանգել ու խոստացել, որ հարցեր չի տալու։

Հոկտեմբերի 1-ին Հարություն Չոբանյանն արդեն Հադրութում էր։ Արմինեն պատմում է, որ ամուսինն առաջին օրվանից ռազմաճակատում է եղել, որտեղից վիրավորներին օգնում էր, տեղափոխում վրանային հոսպիտալներ, առաջին բուժօգնությունը ցույց տալիս, հետո տանում հիվանդանոց։ Հենց սկզբից Հարութը չէր ցանկացել հիվանդանոցում մնալ, ասել էր, որ իր անելիքը ռազմաճակատում է, այնտեղ է ամենից վտանգավոր տեղը։

Հոկտեմբերի 13-ին բժիշկ Չոբանյանը «ՈւԱԶ» մեքենայով վիրավոր էր տեղափոխում։ Ֆիզուլու հատվածում էին՝ Կարախանբեյլի գյուղի մոտ։ Տարածքն արդեն շրջափակման մեջ էր։ Բժիշկների մի խումբը գնացել էր ապահով տարածք գտնելու, որտեղ պիտի տեղափոխվեր վրանային հոսպիտալը։ Բժիշկ Հարութը 4 վիրավոր զինվորի եւ բուժակի հետ հոսպիտալ գնալու ճանապարհին էր, բայց այդպես էլ տեղ չհասավ․ նա, բուժակն ու վիրավորներից մեկը զոհվեցին։ Հարութը վիրավորվել էր գլխի շրջանում դիպուկահարի կրակոցից։

Հաջորդ առավոտյան նրանց տան զանգը տվել էին։ Երեխաներն արդեն արթնացել էին, Արմինեն կաթ էր տաքացնում։ Դռան մոտ Հարութի քույրն ու ամուսինն էին։ Նրանց հայացքները տեսնելով՝ Արմինեն ամեն բան հասկացել էր։

Ամուսնու հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 12-ին։ Ասում է՝ երբ զանգում էր, պատերազմից չէր խոսում, ինքն էլ հարցեր չէր տալիս։

«Երբ հոկտեմբերի 10-ին խոսեցինք, ասեցի՝ Հարութ, վաղը հրադադար է լինելու, ասեց՝ դե լավ ա, հետո մեկ էլ առավոտյան զանգեց , ասեց՝ Արմինե, ճի՞շտ էիր ասում, որ հրադադար է լինելու, բա ավելի ուժեղ է թափվում վերեւից։ Ամսի 9-10-ին լարված վիճակ էր իրենց մոտ։ Հետո որ զանգեց, ասեց՝ Արսենին (Արմինեի եղբորը - հեղ.) հո չե՞ն կանչում։ Որ էդպես ասեց՝ վախ առաջացավ մեջս, ասեցի՝ էդքան վա՞տ ա վիճակը։ Ասեց՝ լավ ա, որ չեն կանչում, էստեղ մսաղաց ա»,- հիշում է Արմինեն։

Հադրութում ծառայության 3 տարիներին զոհեր ունենում էին, ու բժիշկը չափազանց ծանր էր տարել, երբ առաջին զոհն էին ունեցել։ Դա Սառայի միամյակի օրերին էր։ Կինն ասում է, որ Հարութի հուզական դաշտը շատ ուժեղ էր, թեեւ արտաքնապես ցույց չէր տալիս։

«Երբ տեղափոխվել էր էստեղ աշխատելու, աշխատավարձը մի քիչ քիչ էր, մտածում էինք, որ կարող է չբավականացնել։ Արդեն երկու երեխա ունեինք: Սկզբնական շրջանում ասեցի շտապօգնությունում աշխատի, էդ գործը գիտես, ասեց՝ չէ։ Կապիտանի աստիճանով հետ էր եկել ծառայությունից, գնաց մի շաբաթ տաքսի քշեց Երեւանում։ Շատ խոսեցի, ասեց՝ հոգնել եմ զոհեր ունենալուց, ճառագայթային ախտորոշում մասնագիտությունն ընտրեցի, որովհետեւ էլ չեմ ուզում զոհ ունենամ։ Ասեց՝ դու չես պատկերացնում, թե ինչ ա նշանակում, երբ 18 տարեկան էրեխեն վերջին անգամ աչքերը ոնց ա փակում, էն հայացքով նայում, որ իրան փրկես, բայց դու ոչ մի բան չես կարող անել էդ պահին: Ասեց՝ չեմ ուզում մահերի հետ գործ ունենամ, դրա համար էլ չեմ ուզում շտապօգնություն մտնեմ»,- պատմում է Արմինեն։

Պատերազմի օրերին, երբ անընդհատ լսում էին զոհերի մասին, բժշկի կինը մտածում էր՝ Հարութը ո՞նց է դիմանում, որ վերադառնա, շատ ծանր վիճակում կլինի։

Մեր զրույցի ժամանակ Սառան աշխույժ անցուդարձ է անում, երբեմն մոտենում մորն ու ականջին ինչ-որ բան ասում, հետո վերցնում մատիտներն ու նկարչական ալբոմը։ Նրա նկարներում հաճախ հայրն է լինում։

Արմինեն ասում է, որ հենց սկզբից էլ Սառայից չի թաքցրել եղելությունը։ Հարութի զոհվելուց մեկ շաբաթ առաջ Արմինեի պապն էր մահացել։ Սառային բացատրել էր, որ պապիկը երկինք է բարձրացրել։ «Երբ Հարութի դեպքը եղավ, ասեցի՝ պապան բարձրացել է վերեւ, էնտեղ է զինվորների կյանքը փրկում։ Հարցնում էր՝ ե՞րբ է հետ գալու, ե՞րբ է իջնելու։ Ասեցի՝ Սառ ջան, էնտեղ գործը շատ է, հիվանդները շատ են, պապան էլ չի իջնելու։ Մի շրջան էլ ասում էր՝ մամա, դե մենք բարձրանանք վերեւ, եթե ինքը չի գալիս։ Ասեցի՝ մենք էլ չենք կարող»,- պատմում է Արմինեն։

Սառայի մոտ չեն լացում։ Արմինեն ասում է՝ Սառան գիտի, որ հերոս բժշկի աղջիկ է, որ նա շատ կյանքեր է փրկել, հիմա էլ վերեւում է զբաղված։

-Ի՞նչ եք մտածում հետոյի մասին։

-Էդ հետոն մի քիչ բարդ հասկացություն է, որովհետեւ երբեք էլ չես պատկերացնում, թե հետոն ինչ է լինելու: Ուղղակի իր ապրած կյանքն այնպիսին է եղել, որ մենք միայն հպարտության զգացում ունենք: Հետոն պատկերացնում եմ, որ երեխաներս պետք է հպարտանան նրանով: Չեմ սիրում խղճահարության գզացողությունը, չեմ ուզում գլուխները կախ լինեն, չեմ ուզում, որ զոհվածի երեխա մատնացույց անեն: Իրենց հայրն անիմաստ չի զոհվել: Իր մահն այս աշխարհի ամենամեծ իմաստ ունեցող մահերից է: Ավելի կարեւոր իմաստ ո՞ր մահը կարող է ունենալ, եթե մահանում է ուրիշի կյանքը փրկելով»,- ասում է Արմինեն։

Հյուրասենյակում լռություն է, հիշողությունները ծանր շղթաների պես են։ Տիկին Երանուհին մաքրում է թաց աչքերը։

Հարութի տատը՝ Հեղինե Ազատյանը, հիշում է անցյալը, երբ 5 տարեկան թոռանն աշխատավայր էր տարել։ Տղային սպիտակ խալաթ էին հագցրել, ապա գնացել փորձանմուշներ բերելու եւ միասին անալիզներ էին արել։ Այդ ժամանակ Հարութը տատին ասել էր, թե քիմիկ է դառնալու։

Գալիք սեպտեմբերին Սառան առաջին դասարան կգնա։ Նա արդեն խնդրել է մորը, որ իրեն տանի «պապայի նկարով» դպրոցը։ Հրազդանի թիվ 12 դպրոցի պատին Հարութի նկարն է։ Այդտեղ են սովորել Արմինեն ու Հարութը, այդտեղ էլ ծանոթացել են ու ընկերություն արել։ Իսկ նրանց բնակարանի պատին հիմա համատեղ լուսանկարներն են, որտեղ ժամանակը կանգ է առել։

Աղբյուր՝ hetq.am