Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաշատ համայնքի ղեկավարը այցելել է անմահացած հերոս Նորիկ Վարդանյանի ընտանիքին․ նա այսօր կդառնար 20 տարեկան

Արտաշատ համայնքի ղեկավարը այցելել է անմահացած հերոս Նորիկ Վարդանյանի ընտանիքին․ նա այսօր կդառնար 20 տարեկան
Հասարակություն
17:40, 23 февраль 2022
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր այցելեց Շահումյան բնակավայրի անմահացած հերոս Նորիկ Վարդանյանի  ընտանիքին: Նորիկն այսօր  կդառնար 20 տարեկան:  Հերոսի մայրը՝ տիկին Արմինեն արցունքն  աչքերին, բայց հպարտությամբ ցույց է տալիս  սենյակում  որդուն նվիրված անկյունը՝ լուսանկարներից մեղմ ժպտացող պատանի, հիշողություններ և ‹‹Մարտական ծառայության››  և ‹‹Մարտական խաչ 1-ին աստիճանի›› մեդալներ՝ տրված  արիության ու  խիզախության համար: Նորիկը ծառայում էր  ԱՀ Մարտունու զորամասում, պատերազմի օրերին նրանց վաշտը  մասնակցել է  Հադրութի ուղղությամբ  ծավալված մարտերին,  պայքարել են մինչը վերջին շունչը՝ հակառակորդին պատճառելով զգալի վնասներ, բայց փրկվել ողջ վաշտից, ցավոք,  ոչ մեկին չի հաջողվել: Զավակների կորստի ցավը միավորել է այս վաշտի հերոսների ծնողներին, ովքեր հաճախ են հանդիպում, խոսում, հիշում ու  սփոփում միմյանց: Հիմա էլ  հանրապետության տարբեր ծայրերից վաշտի ծնողներից  եկել ու համայնքապետ Կառլեն Մկրտչյանի, համայնքի ղեկավարի տեղակալ  Հրայր Հակոբջանյանի ու աշխատակիցների հետ նշում են հերոսի ծնունդը:

-Սիրելի տիկին Արմինե,  այսօր մեզ համար պատիվ է  լինել այստեղ և  մեր հերոսի ծննդյան օրը ձեզ հետ անցկացնել, հերոսները չեն մահանում, նրանք հավերժ են իրենց թողած հետքով ու գործերով, ինչպես հավերժ է Նորիկ Վարդանյանի անունը, որով պիտի հպարտանան ու դաստիարակվեն  գալիք սերունդները: Իմ զորակցությունը Ձեզ, այստեղ հավաքված բոլոր ծնողներին: Անբուժելի է ձեր ցավը, որը ոչնչով չի մեղմվի,  ընդունեք իմ որդիական ջերմությունը ձեր որդիների փոխարեն,-իր խոսքում մասնավորապես նշեց պարոն Մկրտչյանը:

Այցելությունն այնուհետ շարունակվեց քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում է Նորիկը: Համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս  ներկայացրեց հերոսի անցած փառավոր ուղին՝ հանուն հայրենիքի ու նրա պաշտպանության և փառք ու պատիվ տվեց բոլոր հերոսներին:

Խնկաբույր ծուխը օդ էր բարձրանում, լուսանկարից ջերմ ժպտում է Նորիկը, ժպտում է աշխարհին, հայրենիքին, հանուն որի չխնայեց իր մատաղ կյանքը: Ծնունդդ շնորհավոր, Հերոս: