Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վաղարշակ Հարությունյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հասարակություն
20:59, 10 март 2022
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։
 
Ինչպես հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, զրույցի ընթացքում Ա․ Օվերչուկը շնորհավորել է Վ․Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առնչությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
 
Դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Օվերչուկին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
 
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանը։
 
ՌԴ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական բազմոլորտ համագործակցության ընթացքից՝ ընդգծելով դրա ողջ ներուժի զարգացման կարևորությունը։
 
Բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում և տարածաշրջանի առանցքային հարցերում։