Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին պետք է տալ կրթությունը շարունակելու հնարավորություն, իսկ սպայական կազմի առումով ձեռնպահ ենք մնում. Արման Սարգսյան

Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հղում անելով նույն խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի խոսքին, նշեց. «Պարոն Սարգսյանը ճիշտ ասաց՝ ծառայության հետ մեկտեղ սովորելը արդյոք սպայական կազմից արտահոսքի խնդիր չի՞ ստեղծի: Գուցե պետք է նշել, որ նա կարող է կրթություն ստանալ սպայական պարտականությունների կատարումից հետո: Գուցե ավելի ընդլայնենք և սպայական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար զեղչեր և արտոնություններ տանք սպայական ծառայություն անցնող մարդկանց զավակների՞ն»:

Նա նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում նախագծին, և առաջարկեց լսել փոխնախարարին:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ նշեց, որ 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին պետք է տալ այս հնարավորությունը, որպեսզի իրենք կրթությունը շարունակեն. «Մեր ունեցած վիճակագրությամբ՝ խոսքը շուրջ 1600 մարդու մասին է»:
 
Ինչ վերաբերում է սպայական կազմին, փոխնախարարն ասաց, որ իրենք նախընտրել են ձեռնպահ մնալ փոփոխությունից. «Պետությունը նրանց վերապատրաստման ծախսը վերցրել է իր վրա, իսկ գրավչության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Մենք ուրախ կլինենք տեսնել այլ նախաձեռնություններ, որոնք միտված կլինեն գրավչության բարձրացմանը»:


Մանրամասն՝ տեսանյութում: