Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը 45-ից 63 դարձնելու նախագիծը հավանության արժանացավ

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը 45-ից 63 դարձնելու նախագիծը հավանության արժանացավ
Հայաստան
14:25, 15 март 2021
 
Այսօր մեկնարկած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխում և փոփոխություններ կատարելու մասին ԼՀԿ խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը։
Զեկուցող ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինծառայության տարիքային առավելագույն շեմը 45-ից բարձրացնել մինչև 63։
«Մարդիկ՝ ունենալով բարձր ֆիզիկական պատարստվածություն, առողջ, զինովրական ծառայության մեծ փորձով, 45 տարին լրանալուն պես, իրավունք չունեն շարունակել ծառայությունը»։
Մարուքյանի խոսքով՝ մարդիկ դառնալով գործազուրկ արտագաղթում են և այս նախագիծը միտված է նման փորձ ունեցող հայրնակիցներին ներգրավվել զինված ուժերում՝ որպես պայմանագրային զին․ ծառայողներ և դրանով համալրել ՀՀ զինված ուժերը, և՛ որպես աշխատատեղ՝ մարդկանց ներգրավել, և՛ կանխել արտագաղթը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ բարձրագույն սպայական կազմի համար այժմ շեմը բարձր է։ Այսինքն՝ եթե մարդը գեներալ է, մենք ուզում ենք պահել նրան բանակում, բայց, եթե շարքային է կամ ենթասպա,  45 տարեկանից հետո այդ մարդուն ասում ենք՝ վերջ, զորացրվիր, գնա, ոնց ուզում ես ապրիր։ Մարդը ստիպված արտագաղթելու է»,- նշեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ խոսքը առողջ և պատրաստված անձանց մասին է։
«Իմ Քայլը» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց, որ համաձայն է նախագծի հետ, սակայն հարց բարձրացրեց, թե արդյո՞ք 63-ի շեմը չափազանց բարձր չէ. - «Համաձայն եմ Ձեզ հետ, բայց չե՞ք կարծում, որ 63-ը մի քիչ շատ է լինում։ Եթե 5 կամ 10 տարով պայմանագիր կնքվի, արդեն դառնում է սպայական կազմում մարդ, ով 70 տարեկան է։ Ամենևին էյջիզմ և խտրական վերաբրմունք չէ իմ ասածը, այլ արդյունավետության, ֆիզիկական պատրաստվածության հարց։ Կարծում եմ 45-ը կարելի է դիտարկել փոփոխության, բայց 63-ը միքիչ շատ չե՞ք ասում»։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ 63-ից հետո կնքվող պայմանագրերը չեն կարող շարունակվել, եթե առողջությունն ու համապատասխան պատրաստվածությունը չբավարարի ծառայելու։
«57-ում էլ անձը կարող է զորացրվել։ Այսինքն՝ տարիքային ցենզը բարձրացնում ենք, բայց մարդիկ անդադար պրոցեսի մեջ են, ստուգվում են։ Եթե ընթացքում առողջությունը թույլ չի տա, էլի կարող է զորացրվել։ Իսկ պայմանագրերը չեն կարող ավելի երկար կնքվել, քան 63 տարեկանն է։Չի կարող անձը մինչև 70 տարեկան ծառայել։», -նշեց նա։
Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե արդյոք սա չի բերի կադրային առումով լճացման կամ, որ նունն է բանակի ծերացմանը, քանի որ պիտի տեղեր ազատվեն և  մարդիկ կարողանան նեքևից բարձրանալ։ 
 
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ողջունելով նախագիծը, նշեց, որ ճիշտ կլինի կադրային առաջխաղացումների չլճանալու և այլ հանգամանքների համար ավելի ճկուն համակարգ ներդրվի․
« Ոչ թե սահմանվի այսքան տաիրք, այլ կոնկրետ պաշտոնների խմբերի համար նախատեսվեն հստակ տարիքային շեմեր և այս առումով մենք մոտ ապագայում մեր օրենքում նախատեսելու ենք նաև որոշակի բարձրացման միտում պարունակող փոփոխություններ»- նշեց նա։
Հանձնաժողովը կողմ քվեարկեց առաջարկը ԱԺ լիագումար նիստ ներակայցնելուն։