Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինֆոքոմի» լրագրողը «կարծիք հայտնելը» չի տարբերում «տեղեկատվության տրամադրումից»՝ պաշտոնյաներից «օրենքով պահանջելով» կարծիք հայտնել ՌԴ-ի հետ միութենական պետության մասին

«Ինֆոքոմի» լրագրողը «կարծիք հայտնելը» չի տարբերում  «տեղեկատվության տրամադրումից»՝ պաշտոնյաներից «օրենքով պահանջելով» կարծիք հայտնել ՌԴ-ի հետ միութենական պետության մասին
Հասարակություն
16:40, 24 март 2022
Թեև ՀՀ-ն՝ ի դեմս  արտաքին գործերի նախարարության, արդեն իսկ պատասխանել  է խնդրով հետաքրքրվածներին ու հատկապես անհանգստացածներին,  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին է  հստակ նշել՝  «Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա», հարցը, թե  արդյոք  Հայաստանը  դիտարկո՞ւմ  է  Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը միանալը, հանգիստ չի տալիս ոմանց։ 

«Ինֆոքոմ» լրատվական կայքը  որոշել է չբավարարվել  վերոհիշյալ՝ հստակ արված հայտարարություններով և լրացուցիչ հարցում է ուղարկել  պաշտոնատար անձանց։ Այս մասին տեղեկացանք, երբ հիշյալ կայքի թղթակից Հայարփի Բաղդասարյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ հեռախոսային հարցուպատասխանը հրապարակեց ֆեյսբուքում։ Դատելով խոսնակ-լրագրող զրույցից՝ Միութենական պետությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը, ի թիվս այլ պաշտոնյաների, հղվել է նաև նախարար Գնել Սանոսյանին։

Պարզեցինք, որ նման հարցում ստացել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ ՔՊ-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բացի նրանից՝ հարցումը ստացել են նաև այլ պատգամավորներ։

Մեր ձեռքի տակ է հայտնվել պատգամավորներից մեկին ուղղված հարցման տեքստը, որը ներառում է հետևյալ հարցերը. 
  1. Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ 
  2. Եթե այո, ապա ո՞ր պարագայում։ 
  3. Եթե ոչ, ապա ինչո՞ւ։
Ուշագրավ է, որ լրագրողը հղում է անում ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին և  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներին, որոնց հիման վրա էլ խնդրում է իրեն  տեղեկություն տրամադրել,  տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում  էլ  խնդրում է գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին։ Լրագրողն ակնհայտորեն չի զանազանում սահմանադրաիրավական երկու ձևակերպումները՝ «տեղեկատվության տրամադրումը»  «կարծիք հայտնելուց»։ Սահմանադրության հոդված 42-ը սահմանում է կարծիքի արտահայտման ազատություն, որն ունի ցանկացած ոք, այդ թվում՝ ցանկացած պաշտոնյա։ Այլ պարտավորություն՝ պաշտոնով պայմանավորված, այս հոդվածը չի նախատեսում. դիցուք՝ ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է կարծիք հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, կարծիք չհայտնելն էլ ենթադրում է իրավական պատասխանատվություն։  Բարեբախտաբար, ՀՀ Սահմանադրությունը նման հետադիմական  ձևակերպումներ  չունի։  

Հոդված 51-ն էլ տեղեկատվություն ստանալուն է վերաբերում։   «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:  Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»:

«Ինֆոքոմ»-ի հարցման հասցեատերերը, փաստորեն, ըստ հարցման հեղինակի, իրենց գործունեության բերումով տնօրինում են տեղեկատվության միութենական պետության անդամակցության մասին և, հետևապես, պարտավոր են տրամադրել այս տեղեկությունը լրագրողին, իսկ այն մերժելու դեպքում, փաստորեն, պետք է նշեն մերժման հիմքը։ Սա, ներեցեք, առնվազն անհեթեթություն է, եթե չասենք՝ զավեշտ։ 

Լրագրողի հղած վերոհիշյալ հարցերին, որոնք ակնհայտորեն վերաբերում են միայն ու միայն կարծիք հայտնելու ինստիտուտին,  կարելի է պատասխանել կամ չպատասխանել՝ օգտվելով կարծիք հայտնելու  ազատության իրավունքից, որը ներառում է նաև կարծիք չհայտնելու իրավունքը (անձը պարտավորված չէ ցանկացած երևույթի կամ եղելության մասին կարծիք ունենալ կամ հայտնել), սակայն խնդիր է առաջանում, երբ  կարծիք հայտնելը  լրագրողի կողմից հայցվում է որպես «տեղեկատվության տրամադրում»։  Ընդ որում, մի հարցի վերաբերյալ, որը չի քննարկվում ՀՀ արտաքին օրակարգում։ Ու ստացվում է, որ լրագրողը փորձում է «տեղեկատվության տրամադրման» անվան տակ  կարծիք կորզել  մի թեմայի մասին, որը չի քննարկվում, այսինքն՝ չեղած բանի մասին։ 

Ակնհայտ է նման հարցումների նպատակը՝ որքան հնարավոր է տեղեկատվական-քարոզչական դաշտում շրջանառել Միութենական պետության մաս կազմելու  հարցը, այսպես կոչված՝ «Օվերտոնի պատուհան» բացել՝ սպասարկելով ինչ-ինչ շահագրգիռ խմբերի շահերը։   

Նշենք, որ Վ. Ալեքսանյանը մեզ հետ զրույցում, հղում անելով այս հարցի վերաբերյալ ԱԳՆ-ի պատասխանին և ԱԽ քարտուղարի խոսքին, վերահաստատեց՝ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա։