Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միութենական պետությունը բաց է բոլորի համար. Զախարովան անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը

Միութենական պետությունը բաց է բոլորի համար. Զախարովան անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը
Քաղաքականություն
21:57, 09 февраль 2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասնավորապես  Զախարովան նշեց. «Նա (խմբ. - Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության, տնտեսության ու այլ ոլորտներում միավորումների մասին»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է: Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, «փակ միավորում չէ, այն թույլ է տալիս այլ մասնակից պետությունների միանալու հնարավորությունը, այս տեղեկությունը վաղուց հայտնի է և դրանում որևէ նոր բան չկա»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին: «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր: Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք: Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Բելառուսի նախագահը:
Այս հայտարարության առնչությամբ փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այդ ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: «Վստահ կարող եք լինել, որ այն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,-ասաց Միրզոյանը:

Նա հաստատել էր տեղեկությունը, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնենք միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչու չէ՝ նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա մեր երկրների միջև կա համագործակցությունը»,-ասել էր ԱԳ նախարարը: