Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է գործակարգավարական խորհրդակցության շրջանակներում քննարկված ամենակարևոր կետերը

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է գործակարգավարական խորհրդակցության շրջանակներում քննարկված ամենակարևոր կետերը
Հասարակություն
13:01, 29 март 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի երևանցիներ,

Երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի շրջանակներում քննարկված ամենակարևոր կետերը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.

  • Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղերի փակման գործընթացը: Այս պահին 178 գործող աղբամուղ կա: 
  • «Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: 
  • «Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները ևս առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան: Մրցույթը արդեն  կայացել է, և հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր:
  • Սուբսիդիոն պայմանագրերի համաձայն` մեկնարկել է Նուբարաշեն վարչական շրջանի չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Գործընթացն իրականացվում է նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում:
  • Երևանի քաղաքապետարանի վարչական 2 շենքերի տանիքներին ևս կտեղադրվեն արևային կայաններ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ բանակցություններ են տարվում՝ այս ծրագիրը որպես էներգաարդյունավետության մասնիկ դիտարկելու և նախագիծը համաֆինանսավորելու նպատակով:
  • Ապրիլի 1-ից գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: 
  • Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով կներդրվի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: 
  • Համայնքի միջոցներով իրականացվող ծրագրով նախորդ շաբաթ մայրաքաղաքում փոխարինվել է երկու հիդրանտ: Ընթացիկ տարում նախատեսվում է այդ թիվն ավելացնել 53-ով: