Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ են տեղի ունենալու ՏԻՄ հաջորդ ընտրությունները և որ համայնքներին է դա վերաբերելու. Մուկուչյան

Երբ են տեղի ունենալու ՏԻՄ հաջորդ ընտրությունները և որ համայնքներին է դա վերաբերելու. Մուկուչյան
Հասարակություն
12:48, 04 апрель 2022
Ամեն տարի Հայաստանում մի քանի անգամ ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում, այս տարի արդեն մեկ անգամ՝ մարտի 27-ին տեղի ունեցան որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ:

Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընթացակարգը այսպիսին է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշմամբ սահմանում է ՏԻՄ ընտրությունների օրերը. «Նախորդ տարի որոշում ենք կայացրել և այդ օրերը սահմանել ենք: Դրանցից մեկը մարտի 27-ն էր, մյուսը հունիսին է, երրորդը՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Այսինքն այդ օրերին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Դրանից հետո արդեն, երբ լիազորություններն ավարտվում են, ընտրություններ նշանակող մարմինը՝ հերթական ընտրությունների դեպքում տեղական մարմինը, արտահերթ ընտրությունների դեպքում՝ կառավարությունը, արդեն հաշվի առնելով նաև նախապատրաստական աշխատանքների համար սահմանված ժամկետները, նշանակում է ընտրություններ այդ օրերից որևէ մեկում: Այսինքն ցանկը նշանակման ժամկետի ավարտից հետո է միայն պարզ դառնում: Եվ հենց պարզ է դառնում, անմիջապես ԿԸՀ-ն ստանում է համապատասխան որոշումները մարզպետներից հերթական ընտրության հետ կապված և կառավարությունից արտահերթ ընտրությունների հետ կապված: ԿԸՀ-ն ըստ այդմ կազմում է այն համայնքների ցանկը, որտեղ պետք է տեղի ունենան ընտրություններ և հրապարակում իր կայքում»,-ասաց Մուկուչյանը:

Հարցին, թե մոտավորապես արդեն պա՞րզ է, թե որ համայնքներում ենք ունենալու ՏԻՄ ընտրություններ այս տարի, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Կդժվարանամ ասել՝ հունիսին կունենանք ընտրություններ, թե ոչ: Նախորդ անգամ տեղի ունեցած ընտրությունների հաշվառմամբ, այսինքն հաշվի առնելով, որ նախորդ անգամ ընտրությունները տեղի են ունեցել աշնանը, մոտավորապես 2 տասնյակ համայնքներ էին: Բայց դա վերջնական չէ, այդտեղ կարող են լինել համայնքներ, որտեղ լիազորություններն ավելի ուշ են ստանձնել և կարող է այդ օրը չնշանակվի ընտրությունը, այլ նշանակվի մեկ այլ օր, որն ավելի մոտ լինի լիազորությունների ստանձնման օրվանից:

Քանի որ համայնքների խոշորացումը մի քանի փուլով է տեղի ունեցել, կան համայնքներ, որոնք նախկինում արդեն խոշորացվել էին, տեղի էին ունեցել ընտրություններ: Եթե կլինեն խոշորացող համայնքներ, որտեղ ավելի վաղ էին տեղի ունեցել այդ ընտրությունները, և լիազորությունների ժամկետներն ավարտվում են, բնականաբար, ընտրություններ տեղի կունենան: Այսինքն ամեն ինչ կախված է լիազորությունների ավարտից»:

Անդրադառնալով Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերին, որտեղի բնակիչները ճանապարհներ են փակում և պահանջում են, որ այս երկու գյուղը միավորվեն որպես մեկ համայնք, և դեմ են Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն, ԿԸՀ նախագահը նկատեց, որ այդ խնդրի լուծումը ԿԸՀ-ի գործառույթների տիրույթից դուրս է. «ԿԸՀ-ն տվյալ խոշորացված համայնքում, որի մեջ ներառված են նաև այդ երկու գյուղերը, կազմակերպել է ընտրություններ, արդյունքները հրապարակվել են: Իսկ դրանից հետո համայնքների առանձնացում, նոր ընտրության նշանակում, այդ բոլոր հարցերը ԿԸՀ-ի գործառույթների տիրույթում չեն: ԿԸՀ-ն ընտրություն նշանակող մարմին չէ, նշանակումից հետո ԿԸՀ-ն կազմակերպում է այդ ընտրությունները»:

Հարցին, թե ընդհանրապես, հնարավո՞ր է նրանց պահանջի կատարումը՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ Սևան խոշորացված համայնքում տեղի են ունեցել ընտրություններ, Մուկուչյանն ասաց. «Նրանք այսօր համարվում են խոշորացված համայնքի կազմում բնակավայրեր, իսկ բնակավայրերում ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրություններ նախատեսված չեն: Ընտրություններ նախատեսված են համայնքում»: