Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի՛ շփոթեք հանրային տարածքը ախոռի հետ. Տիգրան Հակոբյանը՝ «5-րդ ալիք»-ի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշման մասին

Մի՛ շփոթեք հանրային տարածքը ախոռի հետ. Տիգրան Հակոբյանը՝ «5-րդ ալիք»-ի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշման մասին
Հասարակություն
11:49, 11 апрель 2022
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում  պարզաբանել է «5-րդ ալիք» հեռուստատեսության հանդեպ վարչական տույժ կիրառելու ՀՌՀ որոշումը և ներկայացրել, թե ինչու է այդ որոշման պատճառով մեծ աղմուկ սկսվել:

Ըստ Հակոբյանի՝այդ որոշումը  խեղաթյուրել է  հենց ալիքի ղեկավարը իր ֆեյսբուքյան գրառումներով եւ հարցազրույցներով, «մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»:

Տիգրան Հակոբյանը նշել է՝ այս է պատճառը, որ ստիպված է ևս մեկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հեռուստատեսությունը տուգանվել է եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար: Կիրակնօրյա լրատվական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել են բառեր, որոնց թվում են  ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱ: Որոշման հիմքը Հանձնածողովի կողմից ընդունված կարգն է, որով սահմանվել էին «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորորոշիչները»: Եւ այդ «կեղտոտ» բառերի օգտագործումը եթերում խախտել է չափորոշիչների մի քանի հոդված: Խախտումների համար հեռուստատեսությունը տուգանվել է: Ամեն ինչ շատ պարզ է:

Մնացած «բայաթիները» ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոտիկայի եւ մանկապղծության վերաբերյալ զառանցանքները, «բա ուրիշների մոտ ինչի չեք նկատում», մանկական արդարացումները, սպառնալիքները, թե բա քիչ մնաց եւ այլն ուղղված են անտեղյակների կամ մտավոր ունակությունների հետ խնդիր ունեցողների համար:

Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը կանանց եւ երեխաների ներկայությամբ խնդիր չեն տեսնում օգտագործել այդ բառերը, եւ դա իրենց անձնական գործն է: Բայց Հանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրավաբանները թույլ չեն տալու Հանրային մուլտիպլեքսում լեգիտիմացնել հայհոյանքը եւ վերածել այդ հանրային տարածքն ախոռի:

Ցավում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՀ նախագահը որոշումները միանձնյա չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերեւների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պետք է բավարար լիներ տեսնելու եւ հասկանալու Հանձնաժողովի գործունեության արմատական փոփոխությունը:

P.S. Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրավունքը պահանջում են, հավանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժեքներ կրող» համարողներն ու… կանայք:

P.S. -2 Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնքոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հույսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաներում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»: