Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերի մեքենաները ադրբեջանցիների կողմից քարկոծելու միջադեպի առնչությամբ պետք է պատշաճ քննություն իրականացվի. Արցախի ՄԻՊ

Հայերի մեքենաները ադրբեջանցիների կողմից քարկոծելու միջադեպի առնչությամբ պետք է պատշաճ քննություն իրականացվի. Արցախի ՄԻՊ
Հասարակություն / Իրավունք
21:13, 26 март 2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրվել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները. ասված է Արցախի ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: 

Պաշտպանը դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում` անկախ դրա հեղինակից: 

Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար: 

Այս առումով Պաշտպանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը: