Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական շրջանի ղեկավարը կայացրել է իր որոշումը. երեխաներին ընդունելու հերթը խախտած տնօրենին այլ աշխատող է փոխարինում

Վարչական շրջանի ղեկավարը կայացրել է իր որոշումը. երեխաներին ընդունելու հերթը խախտած տնօրենին այլ աշխատող է փոխարինում
Հասարակություն
20:47, 30 март 2021
Երեկ՝ մարտի 29-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ազատել է Շենգավիթի համար 133 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին: Ժաննա Մանուկյանը վստահեցնում է՝ իրեն անհիմն են ազատել:

Հիշեցնենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը գրառում էր կատարել, որ մանկապարտեզի տնօրենը, ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով, ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը: Մկրտչյանը նաեւ հայտնել էր՝ վաղաժամկետ լուծարվել է մանկապարտեզի պաշտոնակատարի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում մանկապարտեզի՝ արդեն նախկին ղեկավար Ժաննա Մանուկյանը հայտնեց, որ առաջնորդվել է առողջապահության նախարարի հրամանով. մանկապարտեզ է ընդունել 12 սաների՝ առաջնահերթությունը տալով նրան, որ երեխաների երկու ծնողներն էլ աշխատում են, եւ վերջիններիս աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ:

Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե հերթում այդ 12 երեխաներից առաջ այլ երեխաներ արդյոք չե՞ն եղել, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: «Նրանց ծնողները երեւի թե խնդիր չեն ունեցել ու ինձ չեն դիմել: Իսկ այդ 12 երեխաների ծնողների համար գերխնդիր է եղել իրենց երեխայի խնամքը: Այդ մարդիկ մեկ տարի շարունակ բոլոր հնարավոր դռները թակել են, որպեսզի իրենց երեխաներին ընդունեն մանկապարտեզ»:

Նշենք, որ Մանուկյանի ազատման պատճառներից է նաեւ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսի երեխաներին առանց հերթագրման ու գրանցման մանկապարտեզ տեղավորելը: Մանուկյանը, անդրադառնալով իր ազատման՝ այդ երկրորդ պատճառին, ասաց. «Այդ երկու երեխաները ստաբիլ հաճախող երեխաներ չեն եղել, երբեմն մայրերը, պահող չունենալով, նրանց իրենց հետ են բերել: Բայց ես շատ լավ տեղյակ եմ, որ տարբեր պետական համակարգերում, հենց՝ նույնիսկ քաղաքապետարանում, ծնողը եթե աշխատում է եւ ունի երեխային պահելու խնդիր, ապա նա իրավունք ունի ժամանակ առ ժամանակ երեխային իր հետ տանի աշխատանքի»:

Ըստ Մանուկյանի՝ ստուգումներն ու երկու աշխատակիցների երեխաներին իրենց հետ տանելն այդ օրը կա՛մ զուգադիպություն է եղել, կա՛մ դիտավորյալ ինչ-որ մեկը հետեւել է, տեսել, որ աշխատողը երեխայի հետ է, կանչել է ստուգողների: Ազատված ԺՊ-ի վստահեցմամբ՝ աշխատակիցների երեխաները մյուս սաների հետ չեն շփվել, ընդհանուր սննդից չեն օգտվել, ծնողն առանձին սնունդ է տարել: «Բալիկներից մեկն իր քրոջ հետեւից լացելով բարձրացավ խումբ, ու դա դարձավ մեծ խնդիր»,- ասաց նա:

Աշխատանքից զրկված Ժաննա Մանուկյանն ունի երեք անչափահաս երեխա, 15, 14 եւ 4 տարեկան: Նրա ամուսինը Ադրբեջանի դեմ մղած մեր վերջին պատերազմից հետո անհետ կորածների թվում է, ոստիկանության նախկին աշխատակից է, մեկնել էր՝ որպես կամավոր: Ընտանիքի անդամները վերջին անգամ նրա հետ զրուցել են հոկտեմբերի 24-ին:

Ժաննա Մանուկյանի խոսքով՝ միակ բանը, որ այս պահին մտածում է, ստեղծված իրավիճակից արդար դուրս գալն է. «Ես հետոյի համար չեմ մտածում, ուզում եմ ապացուցել, որ օրենքի խախտում չեմ կատարել ու հանցագործ չեմ, ինչպես ինձ փորձում են ներկայացնել»,- ասաց նա:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իր որոշումն արդեն կայացրել է, եւ մանկապարտեզի աշխատակիցներից մեկին հանձնարարվել է ժամանակավոր պատասխանատվություն ստանձնել՝ մինչեւ տնօրենի նոր պաշտոնակատար նշանակվի: Մկրտչյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իր գրառումն ու մանրամասնեց՝ 12 երեխաների թվում եղել են նաեւ այնպիսիք, որ անգամ նախարարի հրամանին չեն համապատասխանել. ընդունված երեխաներից 2-ի դեպքում էլ առաջնահերթության կարգով ընդունելը մինչ այդ մերժված է եղել:

«Թեպետ հիմա հղում են տալիս առողջապահության նախարարի հրամանին, բայց դա արդարացում չէ: Մենք այս մարդկանց չենք ասում, որ նախարարի հրամանը գերակա չէ, եթե անգամ նախարարի հրամանով է ընտրություն կատարվել, ապա դա եւս չի համապատասխանում ճիշտ չափանիշներին: Ցուցակում եղած 16, 50, 47 եւ այլ համարներից կամայական ընտրած երեխեք են, մինչդեռ իրենցից առաջ կան սաներ, որոնց դեպքում եւս երկու ծնողները աշխատում են: Ինչո՞ւ նրանք չեն ընտրվել, այլ շրջանցվել են տասնյակ համարներ»,- հարցադրում արեց Մկրտչյանը:
Վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե պարզե՞լ են արդյոք՝ գուցե ծանոթ բարեկամական սկզբունքով է մանկապարտեզում 12 սաների ընտրությունը կատարվել: Վերջինս նշեց, որ նման փաստեր չունեն: «Չգիտեմ՝ նրանք տնօրենի կամ այլ աշխատակիցների հետ կապ ունեն, թե ոչ, բայց ուզում եմ այլ փաստի էլ ուշադրություն դարձնեք՝ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսն էլ երեխաներին իրենց հետ տանում են մանկապարտեզ: Այդ երեխաները փաստացի հաճախում են մանկապարտեզ, բայց գրանցված չեն, դա եւս ֆիքսվել է: Էլ չեմ ասում, թե այդ ամենի հետեւանքով ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը:

Վարչական շրջանի ղեկավարը փաստեց՝ տնօրենի պաշտոնակատարին ազատել է աշխատանքից, քանի որ գտնում է, որ նա իր գործին չի տիրապետում ու չի կարողանում նորմալ աշխատել: «Ամեն դեպքում, շուտով մրցույթ էլ կհայտարարվի, եթե ցանկանում է, կարող է մասնակցել, ընտրություն կլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Մանուկյանն ունի երեք անչափահաս երեխա, ամուսինն էլ համարվում է անհետ կորած՝ Մկրտչյանն ասաց. «Շահարկումը, թե ամուսինն անհետ կորած է եւ այլն, ուղղակի ցավալի երեւույթ է, որին մենք այսօր բախվեցինք»: