Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք կարող հանդուրժել ուսուցիչների ու դաստիարակների ծիծաղելի աշխատավարձը եւ դա կրկնապատկելու գործընթաց ենք մեկնարկել՝ կամավոր ատեստավորմամբ. վարչապետ

«Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի տաղանդների խրախուսման, տաղանդի փնտրտուքի, բացահայտման ու պաշտպանության մեխանիզմների ձևավորումը»,- այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչներն էլ պիտի դառնան այն հավելյալ գործիքը, որ տաղանդին ինքնադրսևորվելու, արտահայտվելու և զարգանալու հնարավորություն կտա:

«Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պիտի զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պիտի լինի շարունակական գործընթաց. ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորված ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու, այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզներին, դաստիարակներին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ամբողջ աշխարհում տարածվող հեռավար կրթությանը և կարևորեց անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը: