Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից կրակոցները լսվել են երեկ երեկոյան Ներքին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ Զոհված 20-ամյա Արմանը Մալիշկա գյուղից էր, տան կրտսերը

Ադրբեջանի կողմից կրակոցները լսվել են երեկ երեկոյան Ներքին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ Զոհված 20-ամյա Արմանը Մալիշկա գյուղից էր, տան կրտսերը
Հասարակություն
16:24, 06 сентябрь 2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակառակորդը սեպտեմբերի 5-ի երեկոյան կրակել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը։ 20-ամյա Արմանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեզ փոխանցեց, որ Ադրբեջանի կողմից կրակոցները լսվել են երեկ երեկոյան Ներքին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ «Կրակոցները ինտենսիվ ու երկարատև չեն եղել, հարակից գյուղերում խուճապ չեն առաջացրել, սակայն, ցավոք, զոհվել է հայ զինծառայող»,- հավելեց մարզպետը: 

Մալիշկա գյուղի վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ թշնամու կրակոցից զոհված Արման Սարգսյանը տան կրտսեր զավակն էր, ապրում էր հայրիկի, մայրիկի, տատիկի և ավագ եղբոր հետ, բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 2021 թվականի հունիս ամսից, ծառայում էր մեկ տարի մի քանի ամիս։ «Միայն դրական բաներ կարող եմ ասել մեր տղայի մասին։ Շատ աշխույժ, շփվող, անմիջական պատանի էր, ընկերասեր, շրջապատով տղա։ Շատ մեծ տխրությամբ իմացանք, շատ ափսոս էր, ցավակցում ենք ընտանիքին, ընկերներին, հարազատներին»,- մեզ հետ զրույցում ասաց վարչական ղեկավարը։

Նշենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք: