Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետը ծանոթացել է «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը

Շիրակի մարզպետը ծանոթացել է «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը
Հասարակություն
12:50, 19 октябрь 2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի հետ այցելել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ։
 
Տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել ու ծանոթացել է «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
2021 թվականի «Միկրոավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն 200 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը Կառավարությունն է տրամադրել, մյուս կեսը՝ համայնքը։
 
«Սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է 63 միկրոավտոբուսի, չարչրկված էր, շուրջ մեկ տարի այս ծրագրի մասին խոսվում էր, սակայն միկրոավտոբուսները չէին գործարկվում, մեր քաղաքացիները չէին տեսնում աշխատանքը, և դժգոհությունները խիստ օբյեկտիվ էին։ Արդեն մի քանի շաբաթ է՝ ցանցն ամբողջապես գործարկվում է։ Այցի նպատակն է վերահսկել այն ծրագիրը, որը Կառավարությունը սուբվենցիոն միջոցներով իրականացրել է, հասկանալ, թե որտեղ կան խնդիրներ և օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհություններ։ Մեզ հասնում են դժգոհություններ, որ ոչ բոլոր թաղամասեր են հասնում միկրոավտոբուսները, աշխատանքային գործընթացների հետ կապված։ Հիմա մենք արձանագրեցինք խնդիրների ողջ սպեկտրը, որը կա, և ես լիահույս եմ, որ պատասխանատուները հետամուտ կլինեն հարցերի լուծմանը»։
 
Մարզպետին է զեկուցվել, որ նոր միկրոաբտոբոսներով սպասարկվում է 5 երթուղի՝ թիվ 2/20, 3/26, 5/25, 6/24, 7/12։ Օրական երթուղի դուրս է գալիս 58 մեքենա, աշխատում են առավոտյան 7․30-ից մինչև 21․30։ Ձեռք են բերվել և տեղադրվել տեսահսկման սարքերը և մետաղադրամ ընդունող սարքերը։
 
Մարզպետը կարևորել է երթուղիները սպասարկող վարորդների մասնագիտական պատասխանատվությունը, կարգապահությունը, բժշկական զննություն անցնելը։
 
2023-ին Գյումրին նոր սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ «Գյումրի համայնքի կարիքների համար 20 ավտոբուսների ձեռքբերում», ծրագրի նախնական արժեքը 670 մլն դրամ է, որից Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
 
«Պետք է հասկանանք, որ ավտոբուսների ձեռքբերումն ինքնանպատակ չպետք է լինի։ Կարևոր է մեքենաների մատչելիությունը։ Եկեք արձանագրենք, որ միկրոավտոբուսները մատչելի չեն, և գնման գործընթացում մենք պետք է հաշվի առնենք նաև այն մարդկանց կարիքները, որոնք հենաշարժական խնդիրներ ունեն։ Եվ նաև ընդարձակ պայմանները, որովհետև միկրոավտոբուսները մեկ մուտք ունեն, և հենց դրա համար էլ միկրոավտոբուս է կոչվում, որպեսզի ավելի բարեկեցիկ պայմաններ լինեն, ինչ ամբողջ աշխարհում կա»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Նազելի Բաղդասարյանն ու վստահեցրել, որ ամեն ինչ արվելու է երթուղիների նկատմամբ պատշաճ վերահսկողության և քաղաքացիների սպասարկման որակի ապահովման համար։