Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը 4 տարի 4 ամսվա ընթացքում ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ. Վարչապետը նաև՝ 41.1 մլրդ դրամ եկամտահարկի վերադարձի մասին

«Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք՝ հոկտեմբեր ամսվա տվյալներով. Հայաստանում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ: Խոսքը այն աշխատատեղերի մասին է, որտեղ մարդիկ կոնկրետ անուն-ազգանուններով աշխատում են, աշխատավարձ են ստանում և որ կարևորն է՝ վճարում են եկամտային հարկ»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ 2018-ի մայիսի համեմատ 2022թ. հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելացել է 143 հազարով. «Այսինքն՝ 4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ»:

Նրա խոսքով՝ անկյունաքարային նշանակություն ունեն նաև կառավարություն-տնտեսություն հարաբերություններում բացառիկ փոփոխությունները և մասնավորապես նշեց եկամտահարկի անկյունաքարային բարեփոխումները. «Մենք այդ հարկերը ոչ միայն հավաքում ենք, այլև վերադարձնում ենք. 2018 թվականին կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4.7 մլրդ դրամ եկամտահարկ (հիփոթեքային վարկի շահառուների թիվը մոտենում է 25 հազարի), 2021 թվականին՝ 32.7 մլրդ դրամ, աճը՝ 595 տոկոս, իսկ 2022 թվականի 10 ամսում վերադարձվել է 41.1 մլրդ դրամ եկամտահարկ»:

Վարչապետը ներկայացրեց նաև ԱԱՀ-ի վերադարձի ցուցանիշները և իրենց կողմից ստեղծված համակարգը: