Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանն ամփոփել է պաշտոնավարումը՝ անդրադառնալով գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին

Արտակ Բեգլարյանն ամփոփել է պաշտոնավարումը՝ անդրադառնալով գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին
Հասարակություն
12:08, 03 ноябрь 2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին, կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում լուծվել են համակարգային խնդիրներ, դրա շնորհիվ էլ՝ հազարավոր մարդկանց:

Պետական նախարարի պաշտոնում գործունեության ամփոփման մասին հրավիրած մամուլի ասուլիսում Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ իր գործունեության հիմքում եղել է ազգային շահը:

«Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո փորձից ելնելով՝ բարելավել իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերվել որպես կետային, անհատական խնդիրների, այլ վեր եմ հանել դրանք, կարգերով, օրենքներով կարգավորում եմ տվել, ստեղծել նորմատիվ հիմքեր, և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ հաջողություններ են արձանագրվել, մասնավորապես, բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորտներում ևս, որոնք դեռ ընթացքում են:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտն ենք ներդրել, որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով, բայց այս տեսանկյունից ես համարում եմ, որ մեծ բացթողումներ ունենք, որովհետև պետական համակարգում կառավարման կարողությունների խնդիրն է: Ցավոք, մենք պատշաճ կրթական համակարգ չունենք: Հույս ունենք, որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք: Շատ ավելի արմատական խնդիրներ կան կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից»,- ասել է Բեգլարյանը, որը անբավարար է համարել կրթության ոլորտում այս ընթացքում գրանցված հաջողությունները:

Այդուհանդերձ, նա առանձնապես կարևոր հաջողություն է համարել Շիրակացու ճեմարանի հիմնումը Արցախում՝ համոզմունք հայտնելով, որ 2 տարվա ընթացքում հաջողությունները շատ են լինելու. «Կրթության ոլորտի գլխավոր բացթողումներից է, որ ռազմավարական զարգացման փուլ դեռ չենք մտել»:

Հիշեցնենք՝ Արտակ Բեգլարյանին ԱՀ պետնախարարի պաշտոնում առաջիկա օրերին փոխարինելու է Ռուբեն Վարդանյանը: