Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել են զենքեր ու զինամթերք. քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրել են Երևանի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ:

Նոյեմբերի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալել են երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:

41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Բայկալ» ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Իսկ մեքենայի բեռնախցիկում եղել է երկու ինքնաձիգ, երեք պահեստատուփ` լիցքավորված փամփուշտներով:

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։