Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համակարգիչս կոտրեցին, 15 հոգով խփում էին. Կենտրոնի թաղապետարանի ծեծված աշխատակիցը մանրամասներ է հայտնում․ armtimes․com

Համակարգիչս կոտրեցին, 15 հոգով խփում էին. Կենտրոնի թաղապետարանի ծեծված աշխատակիցը մանրամասներ է հայտնում․ armtimes․com
Հասարակություն
18:27, 11 май 2021
Այսօր Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հայտնեց, որ վնասվածքներ է ստացել ինչպես մարմնի տարբեր հատվածներում, այնպես էլ դեմքին ու գլխին:

«Մոտ 15 հոգով խփում էին, արդեն չէի հասկանում, թե ովքեր են ու ինչ է կատարվում: Բայց գլխավոր դերում Արմեն Ազիզյանն ու Արմեն Դավոյանն էին, մնացածն էլ կողքից աջակցում էին»,- պատմեց Մարգարյանը:

Բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե վիճաբանությունն ինչից է սկսվել: «Դե ասում էին՝ կա՛մ դիմում գրի գնա, կա՛մ ազատի աշխատասենյակը: Ասացի, որ չեմ գնալու, բռնի ուժի դիմեցին, համակարգիչս ջարդեցին, իրերս էին դուրս հանում»-ասաց նա:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետին առավել շատ զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ թաղապետարանի հարեւանությամբ է գտնվող դատախազության  աշխատակիցներն անտարբեր մոտեցում են ցուցաբերել խնդրին ու կատարվածին (նշենք, որ  թաղապետարանի շենքի առաջին հարկում է գտնվում Կենտորնի դատախազության պահակակետը): «Դատախազության քթի տակ էր այդ ամենը, իրենք եկան, տեսան, բայց ոչ մի բան: Ես չգիտեմ՝ ինչ երկիր է այսօր կառուցվում: Ականատես են, բայց ասում են՝ մեր լիազորությունների մեջ չի մտնում: Սա ուղղակի խուլիգանություն է: Երբեւէ չէի պատկերացնի, որ պետական կառույցում կարող են նման բան անել ու անպատիժ մնալ»,-ասաց Մարգարյանը:

Միջադեպի հետ կապված ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակին» հայտնեց. «Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է եղել։ Այս պահին դեպքի առթիվ Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»: Հարցին, թե բերման ենթարկավածներ կա՞ն, Գաբրիելյանն ասաց. «Այս պահին՝ ոչ»:
Կատարվածի մասին «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանից: «Եթե խոսում ենք մամուլում առկա տեղեկությունների մասին՝ այդտեղ կան առերեւույթ տվյալներ, որոնք մեզ ենթադրել են տալիս, որ գործը իրավապահ մարմինների քննության տիրույթում է: Այդ քննության որոշակի էտապներում կարվեն որոշակի հետեւություններ ու դրանից բխող համապատասխան քայլեր»,- ասաց Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ այս պահին բավարար տեղեկատվության չեն տիրապետում, որպեսզի կատարվածի վերաբերյալ գնահատական տան:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ու մի քանի աշխատակիցների միջեւ: Թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձեւով հրահանգել էր ազատել իր աշխատասենյակը: Այնուհետեւ վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց: