Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման օրերին Սիսիանում անհանգստություն կար, մարդիկ չէին ուզում տանից դուրս գալ, հիմա հանգիստ անցուդարձ է․ բնակիչներ

Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման օրերին Սիսիանում անհանգստություն կար, մարդիկ չէին ուզում տանից դուրս գալ, հիմա հանգիստ անցուդարձ է․ բնակիչներ
Հասարակություն
13:50, 26 май 2021
«Մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինծառայողները հատեցին ՀՀ պետական սահմանն ու առաջացան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Սիսիանի բնակիչների մոտ անհանգստություն կար, մարդիկ չէին ուզում տանից դուրս գալ»,-Civic.am-ի հետ զրույցում պատմեցին Սիսիանի բնակիչներն ու հավելեցին, որ ներկայումս արդեն այլ իրավիճակ է՝ հանգիստ անցուդարձ է համայնքում․ «Խուճապ էլ չկա, սկզբնական շրջանում էր անհանգստությունը մեծ, հիմա ամեն մարդ իր գործին է, ով էլ դրսի շինարարությունը կիսատ էր թողել, արդեն շարունակում է»։

Սիսիան քաղաքի բնակիչներից մեկն էլ խոսելով քաղաքի առօրյայից նշեց, որ քաղաքում նույնիսկ խոսակցություններ չկան սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ինչ վերաբերում է երեկ մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Սիսիանի հատվածում կրակոցներ են հնչել ու կան վիրավորներ՝ Սիսիան քաղաքի բնակչուհին այդ հարցում մի նկատառում արեց, որ քաղաքը հեռու է դիրքերից և հնարավոր է կրակոցների ձայնը չլսվի․ «Բայց նման խոսակցություններ էլ չեն եղել, որ դիրքերում կրակել են, կամ զինծառայող է վիարվորվել»,-հավելեց նա։

Սիսիանի հատվածում հնչած ենթադրյալ կրակոցներից ու ենթադրյալ վիրավորներից տեղյակ չէր նաև Սիսիան համայնքի ղեկավար Վաչագան Միրաբյանը։ 

Նշենք, որ երեկ «Հրապարակ»-ը տարածել էր տեղեկատվություն, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Իսկ ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

Նարա Մարտիրոսյան