Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ի կողմից որևէ քարտեզագրական նյութ չի տրմադրվել հայկական կողմին․ ՀՀ ԱԳՆ լրավության վարչություն

ՌԴ ԱԳՆ-ի կողմից որևէ քարտեզագրական նյութ չի տրմադրվել հայկական կողմին․ ՀՀ ԱԳՆ լրավության վարչություն
Հայաստան
18:27, 25 май 2021
Սահմանազատման ու սահմանագծման խնդիրը դարձավ հրատապ հարց, երբ Ադրբեջանական ԶՈւ որոշ խմբեր մայիսի 12-ից հատեցին Հայաստանի պետական սահմանն ու առաջացան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ սահմանների խնդիրը լուծելու համար, որից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակից՝ նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին քարտեզագրական նյութեր տրամադրել, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում ընդգծել էր, որ հայկական կողմը տնօրինում է Խորհրդային շրջանի համապատասխան քարտեզների, որոնցում հստակ է ՀԽՍ և ԱԽՍ Հանրապետությունների միջև խորհրդային շրջանում առկա վարչական բաժանումները և որոնք ապացուցում են, որ ադրբեջանական կողմի զինվորականները ներկայումս գտնվում են ՀՀ ինքնիշխան սահմաններից ներս։ 

Civic.am-ը հարցում էր արել ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու արդյո՞ք ԱԳՆ տեղյակ է ի՞նչ քարտեզագրական նյութերի մասին է խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, և ինչու՞ Հայաստանը չունի այդ նյութերը։ 

ԱԳՆ լրատվության և հանրային վարչության պետ Սերոբ Բեջանյանն ի պատասխան մեր հարցման՝ նախ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ԱԽ նիստի հրապարակային վերոգրյալ ելույթին և նշել, որ ՌԴ ԱԳՆ-ի կողմից որևէ քարտեզագրական նյութ չի տրմադրվել հայկական կողմին, ուստի հնարավոր չէ այդ հարցում մեկնաբանություն անել։ 

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը՝ Գեղարքունիքի ու Սյունիքի այն հատվածներում որտեղ ներխուժել են ադրբեջանցիները արդյո՞ք հստակեցված չէ սահմանը, և եթե այդպես է՝ ապա ո՞ր թվականից կա այդ խնդիրը՝ ԱԳՆ-ից արձագանքել են․ «Խորհրդային Միության փլուզումից և անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հաշվի առնելով երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, չեն իրականացվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ»։ 

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստի իր ելույթի հրապարակային մասում նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման աշխատանքները պետք է լինեն եռակողմ ֆորմատով, ինչպես կոմունիկացիաների բացման հարցերն են քննարկվում։ 

Սահմանների աշխատանքների մեկնարկի վերաբերյալ հարցում էինք արել ԱԳՆ՝ ճշտելու երբ են նախատեսում սկսել գործընթացը և արդյոք կա պայմանավորվածություն Ռուսաստանի հետ՝ եռակողմ ձևաչափով անցկացնելու համար։ Այս հարցի վերաբերյալ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ հիշատակել են, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար»,-գրված էր պատասխանում։

Նարա Մարտիրոսյան