Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական պատվեր չկա, որ կաթնամթերքի անվտանգային խնդիրները լուծվեն, ու արտահանման հարցը չլուծվի. Բաբկեն Պիպոյան

Քաղաքական պատվեր չկա, որ կաթնամթերքի անվտանգային խնդիրները լուծվեն, ու արտահանման հարցը չլուծվի. Բաբկեն Պիպոյան
Հասարակություն
18:20, 03 апрель 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել  կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։ Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության՝ Հայաստանի կաթնամթերքում իրանական հումք է օգտագործվել, որի նկատմամբ սահմանափակող միջոցներ են կիրառված ՌԴ գերատեսչության կողմից։ 

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը նշեց, որ ռուսական կողմի հետ քննարկումները դեռևս շարունակվում են: «Այնքան կշարունակվեն՝ մինչև խնդրի լուծումը»,- ասաց նա։
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել նաև կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ ՀՀ պետական գերատեսչության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ և վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է տեսել։ Իսկ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ի պատասխան «Ռոսսելխոզնադզորի» հրապարակման՝ ընդգծել են, որ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել կաթնամթերքում, և խնդիրը բացառապես կաթնամթերքում իրանական հումքի օգտագործման ու այն ՌԴ արտահանելու հետ է կապված։ 
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ  Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ Իրանում կան ձեռնարկություններ, որոնց հումքը թույլատրվում է ՌԴ շուկա, և կան ընկերություններ, որոնց հումքն արգելված է: «ՌԴ-ն ասում է՝ դուք օգտագործել եք այն հումքը, որ ես թույլ չեմ տալիս իմ շուկա»,- ասաց նա։

Նշենք, որ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ նաև քաղաքական ենթատեքստ են տեսնում ՌԴ արտահանվող հայկական կաթնամթերքի կասեցման հարցում։    

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ եթե խոսվում է քաղաքական ենթատեքստի մասին, ապա դա նշանակում է՝ մյուս ապրանքների նկատմամբ ևս սահմանափակումներ կկիրառվեն: «Սակայն հաշվի առնելով, որ բանակցություններ են ընթանում՝ անվտանգությունը երաշխավորելու և ապրանքների արտահանումը շարունակելու համար, և այդ բանակցությունները վարում է ոչ թե ԱԳՆ-ն, այլ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը և էկոնոմիկայի նախարարությունը ՌԴ լիազոր մարմինների հետ, սրանից հետևում է, որ գործ ունենք ոչ թե դիվանագիտական խողովակով տեղի ունեցող գործընթացի հետ, այլ բացառապես միջգերատեսչական խնդիրների հետ։ Եթե ԱԳՆ-ների մակարդակով չեն շփվում խնդրի շուրջ, այդտեղ միջքաղաքական խնդիր փնտրել պետք չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բաբկեն Պիպոյանը շեշտեց նաև, որ իրանական հումքի օգտագործման մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո Իրանում խնդիր չեն տեսել. «Այդ հարցը ոչ մեկը չի բարձրաձայնել։ Դա ոչ թե նրանից է, որ իրանական կողմն անտարբեր է, այլ գիտի, որ այդ հայտարարությունը կրում է ոչ թե դիվանագիտական, այլ անվտանգային բնույթ։ Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունում կան արտադրողներ, որոնց չափորոշիչները համապատասխանում են ռուսական պահանջներին, և այդ արտադրողները գրանցված են ռուսական ռեեստրում, և կան արտադրողներ, որոնք գրանցված չեն ռուսական ռեեստրում, որովհետև ՌԴ-ն դիտարկել է, որ այդ արտադրողների մոտ կա խնդիր։ Եվ Իրանը հասկանում է, որ եթե դիվանագիտական խնդիր լիներ, ապա ոչ մի իրանական ձեռնարկություն գրանցված չէր լինի ռուսական ռեեստրում, այսինքն՝ անվտանգային խնդիր է»։ 

Ինչ վերաբերում է կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողությանը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը ընդգծեց, որ ոլորտում առկա խնդիրների մասին կառավարությունը տեղյակ է. «Դեռևս մի քանի շաբաթ առաջ «Հետք»-ն էր կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն արել, և առ այսօր պետական մարմինը չի արձագանքել այն պրոբլեմին, ինչի մասին խոսվել է։ Ավելին՝ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե կառավարության նիստերի ժամանակ ինչքան է խոսվում, որ տեսչական մարմիններում լավ վիճակ չի»։  

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը մեկնաբանեց, որ  ՌԴ գերատեսչությունից մարտի 20-24-ը Հայաստանում են եղել, և բնականաբար հայկական կողմը նախապես տեղեկացված է եղել, սակայն ժամանակը պատշաճ չի օգտագործվել, և խախտում են հայտնաբերել։ 

«ՌԴ սննդամթերք արտահանելու հետ կապված էլի նման խնդիր է եղել՝ մասնավորապես ձկնամթերքի հետ կապված»,- ասաց նա ու հավելեց. «Ապրանքն ունի 20 անվտանգության ցուցանիշ, մենք, չունենալով 20 անվտանգության ցուցանիշի հետ կապված լաբորատոր եզրակացություն, մի քանի ցուցանիշով ապրանքը ճանաչում ենք անվտանգ»։ 

Անդրադառնալով եվրոպական երկրներ կաթնամթերք արտահանելուն՝ Բաբկեն Պիպոյանը մեկնաբանեց, որ համապատասխան չափորոշիչներ ու վերահսկողություն է պետք ԵՄ մուտք գործելու համար, ինչը ևս դիվանագիտական հարաբերությունների որակի հետ չի առնչվում։ 

««Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության տեքստը ենթադրում է մի բան՝ աննախադեպ լավ չեն հարաբերությունները, որ դա գար փակ խողովակով և ոչ թե բաց, բայց քաղաքական պատվեր չկա, որ անվտանգային խնդիրները լուծենք, ու արտահանման հարցը չլուծվի»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։  

Նարա Մարտիրոսյան