Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի տեղադրած անցակետի պատճառով 11 հոգի 5-րդ օրն է՝ չի կարողանում վերադառնալ Շուշիի շրջան՝ Լիսագոր, Եղցահող, ոչ էլ կատարած առևտուրն է կարողանում տուն՝ անչափահաս երեխաներին ուղարկել

Ադրբեջանի տեղադրած անցակետի պատճառով 11 հոգի 5-րդ օրն է՝ չի կարողանում վերադառնալ Շուշիի շրջան՝ Լիսագոր, Եղցահող, ոչ էլ կատարած առևտուրն է կարողանում տուն՝ անչափահաս երեխաներին ուղարկել
Հասարակություն
18:25, 27 апрель 2023
11 հոգի մնացել է Գորիսում՝ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր՝ Լիսագոր, Եղցահող։ Ադրբեջանի տեղադրած անցակետի կողմով ընդհանրապես անցուդարձ չկա։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Շուշիի շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն ու հավելեց. «4 հոգի Եղցահողից, 7 հոգի Լիսագորից գնացել էին Գորիս առևտուր անելու ու մնացել են այնտեղ, նրանց թվում է նաև Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը»։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Լիսագորի համայնքի ղեկավարի հետ, որը պատմեց, թե ինչպես է ապրիլի 23-ի առավոտյան բաց ճանապարհով Գորիս մեկնել՝ առևտուր անելու, ու անսպասելիորեն մնացել Գորիսում։ Գագիկ Նասիբյանն ընդգծեց, որ հենց այդ օրը Ադրբեջանը ճանապարհը փակել ու անցակետ է տեղադրել։

Լիսագորի համայնքի ղեկավարը շեշտեց նաև, որ 3 անչափահաս երեխա ունի, ու արդեն 5-րդ օրն է՝ ոչ ինքն է կարողանում հասնել տուն, ոչ էլ իր կատարած առևտուրն է կարողանում տուն ուղարկել։ Մինչդեռ Լիսագորի, Եղցահողի, Մեծ Շենի ու Հին Շենի բնակիչները շաբաթը 1-2 անգամ Գորիս էին գնում թե սնունդ գնելու, թե առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։  

Գագիկ Նասիբյանի խոսքով՝ ռուս խաղաղապահները միայն Գորիսում մնացած անչափահաս երեխաներին ու Մեծ Շենի բուժքրոջն են կարողացել տանել Շուշիի իրենց բնակավայրերը, իսկ մեծահասակների հարցը մնացել է օդից կախված։

Շուշիի շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող նշված բնակավայրերում 385 անձ է բնակվում, իսկ ադրբեջանական անցակետին ամենամոտ գտնվող բնակավայրը Հին Շենն է։ 

Civic.am-ը օրերս կապ էր հաստատել նաև Հին Շեն համայնքի ղեկավարի հետ՝ ճշտելու արդյոք փորձե՞լ են մոտենալ անցակետին, պարզելու՝ հնարավո՞ր է անցնել, ինչին ի պատասխան նա արձագանքել էր. «Ո՞նց անցնեն բնակիչները՝ թուրքի զորքը էնտեղ կանգնած, մի հոգի չի, երկու հոգի չի, ո՞վ ա գլխից ձեռ քաշել, որ գնա էնտեղով անցնի»։  

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 27-ին, հանդիպել է ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող հարցեր»,- ՖԲ իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները զրկված են Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունից՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է նաև Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել, իբրև թե Հայաստանի կողմից անօրինական կերպով օգտագործվող այդ ճանապարհի վրա հսկողություն սահմանելու համար։

Ադրբեջանի կողմից Նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու ու այս անօրինական գործողություններն իրականացնելու պատճառով նշված համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ։

Նարա Մարտիրոսյան