Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկում է իր հետագա գործողությունների ընթացակարգերը». Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն չուղարկելու և հիվանդներին Հայաստան չտեղափոխելու մասին

«ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկում է իր հետագա գործողությունների ընթացակարգերը». Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն չուղարկելու և հիվանդներին Հայաստան չտեղափոխելու մասին
Հասարակություն
17:03, 10 май 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքը փակվելուց հետո Արցախ էր տանում հումանիտար օգնություն՝ դեղորայք, սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ, սերմացու, ինչպես նաև Արցախից Հայաստան էր տեղափոխում ծանր հիվանդներին, սակայն ապրիլի 29-ից հետո բոլոր տեսակի տեղաշարժերը դադարեցվել են՝ կա ընդմիջում։ Այս մասին Civic.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

«Ապրիլի 29-ին 16 բուժառու ենք տեղափոխել Հայաստան, կապի մեջ ենք տեղական առողջապահական կազմակերպությունների հետ, բայց մինչ այս պահը կա ընդմիջում, քանի որ ԿԽՄԿ-ն ներգրավված բոլոր կողմերի հետ քննարկում է իր հետագա նմանատիպ գործողությունների ընթացակարգերը, որոնք ունեն հստակեցման կարիք։ Քանի որ ընդհանուր համաձայնեցման չենք եկել կողմերի հետ՝ այս ընթացքում չենք կարող կազմակերպել հումանիտար առաքելությունը։ Հստակեցումը պետք է լինի ընդունված բոլոր ներգրավված կողմերի կողմից»,- ասաց Զառա Ամատունին՝ նշելով, որ ընթացակարգերը համաձայնեցվում են թե Ադրբեջանի, թե Արցախի, թե Հայաստանի հետ։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում, և ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ այս պահին 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման։  

Նարա Մարտիրոսյան