Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյանը որոշել է հայցախեղդ անել դատարանները․ Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Էդգար Ղազարյանը որոշել է  հայցախեղդ անել դատարանները․ Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու գործով  դատավորը ինքնաբացարկ է հայտնել
Հասարակություն / Իրավունք
20:51, 16 май 2023
Իշխանության նկատմամբ քաղաքական դատաստան տեսնել փափագող և այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերող  (ֆեյսբուքյան ստատուսներ, սակավամարդ միտինգներ) Լեհաստանում ՀՀ   նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար,  խորհրդարանական ընդդիմության կողմից ՄԻՊ թեկանծու առաջադրված  Էդգար Ղարզարյանը պարզվում է՝ ակտիվ է նաև իշխանության մարմինների և ներկայացուցիչների դեմ դատական հայցեր ներկայացնելիս։

Նա, ինչպես datalex.am տեղեկատվական համակարգն է վկայում, քաղհայցեր է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և նույն խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի դեմ՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, բանավեճ-լեզվակռիվ էր տեղի ունեցել Ղազարյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև։  
 
Ռ․ Բաքոյանի դեմ նեկայացված հայցապահանջը Արարատի և Վայոց ձորի դատարան է մուտք եղել մայիսի 2-ին։ Նույն օրը Երևանի դատարան է մուտք եղել Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հայցը։  Datalex.am-ում այս պահին առկա չէ տեղեկություն այն մասին՝ արդյոք  դատարանը  վարույթ   ընդունե՞լ է այս քաղհայցերը։

 Ղազարյանը չի սահմանափակվել միայն ՔՊ-ական պատգամավորների դեմ հայցերով, նա մեկ այլ՝  ՀՀ վարչական դատարանում էլ վիճարկում է  Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը և դատարանից պահանջում է անվավեր ճանաչել այն։
 
Ընդդեմ ԱԺ-ի ներկայացված հայցադիմումը դատարան է մուտք եղել ապրիլի 20-ին։  Սույն գործով դատավոր Արմեն Ներսիսյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել։ Ըստ որոշման՝ դատարանն արձանագրել է, որ դատավոր Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում միաժամանակ թե՛ սույն գործով հայցվորի՝ Էդգար Ղազարյանի, թե՛ վիճարկվող որոշման հասցեատեր Անահիտ Մանասյանի հետ: 
 
«Ընդ որում, Էդգար Ղազարյանը, որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, եղել է դատավոր Արմեն Ներսիսյանի ղեկավարը (Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում որպես աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ), ինչը հանդիսանում է դատավորի մոտ սույն գործով հայցվորի և de facto երրորդ անձի՝ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի նկատմամբ կանխակալ կարծիքի ձևավորման պատճառ»,- նշված է դատարանի որոշման մեջ:
 
Վերոգրյալի հիման վրա էլ դատավորը ինքնաբացարկ է հայտնել։ Գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Դանիել Դանիելյանին։
  
Էդգար Ղազարյանը, նկատենք, պետական մարմիններում աշխատանքը թողնելուց հետո որոշել է պարապ չմնալ և «հայցախեղդ» անել դատարանները։   Սկսած 2020 թվականից  նա վարչական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ընդդեմ իր նախկին աշխատավայր Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի։ 
 
Որոշ հայցադիմումներ դատարանը վերադարձրել է: Մասնավորապես   ընդդեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում 23.03.2022 թվականին փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Գագիկ Ասլանյանին ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրության արդյունքը, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի 23.03.2022 թվականի թիվ ՄՌԿ/197-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցադիմումը  դատարանը մերժել է։