Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից․ 1in.am

ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից․ 1in.am
Հասարակություն
17:27, 14 июнь 2021
Վերջին օրերին «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներից, որոնք պնդում են, որ ընկերությունների տնօրինությունը հրահանգ է իջեցրել քվեարկել կոնկրետ քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի օգտին։ Աշխատակիցները նաև պնդում են, որ իրենց սպառնացել են՝ չքվեարկելու պարագայում կկորցնեն աշխատանքը։

«Առաջին լրատվական»-ը գրավոր հարցումներ էր ուղարկել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, և թե «Գազպրոմ Արմենիա»-ին։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք հենց տնօրինության կողմի՞ց է իջեցվել հրահանգը՝ քվեարկել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կառույցի օգտին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից մեզ պատասխանել են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Զանգվածային լրատվամիջոցներում նմանատիպ բովանդակության հրապարակում եղավ նաև հունիսի 12-ին ՝ ընկերության կողմից դեռևս ս.թ. ապրիլից պլանավորված ուսումնական վարժանքների/թրեյնինգների հետ կապված, երբ նույն օրը նույն ժամին (քաղաքական ուժերից մեկի հավաքի ժամանակ), մենք մեր դասընթացները/միջոցառումներն էինք անցկացնում Վանաձոր քաղաքում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է, երբևէ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունեցել, և անթույլատրելի են մեր աշխատակազմին որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Հակառակը, Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգված է խստորեն հետևել և ոչ մի ձևաչափով թույլ չտալ անձնակազմի կողմից մեկը մյուսի օգտին քարոզի դրսևորում: Այն աշխատակիցներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են քարոզարշավում, տրամադրվել է արձակուրդ՝ մնացած աշխատակիցների վրա ազդեցություն չունենալու նպատակով»,-ասված է ՀԷՑ-ի պատասխանում։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, ապա այդտեղից էլ մեզ պատասխանել են, որ ընկերությունը ՀՀ տարածքում ապահովում է սպառողների անխափան և անվտանգ գազամատակարարումը և ընկերության գործունեությունը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: «Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված՝ ընկերության տնօրինությանն առնչվող ահազանգերի բովանդակությանը, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ընկերությունը և ընկերության ղեկավար մարմինները որևէ կերպ ներգրվված չեն քաղաքական գործընթացներում»,-ասված է գրավոր պատասխանում։

Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով և խմբագրություն ահազանգած աշխատակիցների խոսքով իրականությունը բոլորովին այլ է։ Ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա։ Ի դեպ այդ ճնշումը մայիսի 9-ին ևս գործադրվել էր և Ազատության հրապարակում հավաքվածների հիմնական մասը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողներ էին, որոնք տեսախցիկի դիմաց ասում էին, թե որտեղ են աշխատում, սակայն երբ հարցնում էինք, թե ինչու են եկել, նրանք պատասխան չունեին։ Շրջում և հեռանում էին։

Հետևաբար իրավապահ համակարգը պետք է հետևողական լինի այս հարցում և բացառի քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքի կոպիտ խախտումները։

ՀԳ. Պատահական չէ, որ այսօր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը տարածել է հայտարարություն, որով Հայաստանի ներկայիս վիճակը համեմատել է ականապատ դաշտի հետ, որով ըստ նրա պետք է անցնել առանց շրջանցելու հնարավորության, և այդ բանը կարող է անել միայն Ռոբերտ Քոչարյանը: Թե ինչ կապ ունի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Կարեն Կարապետյանը,կարծում ենք  հիշեցնելու կարիք չկա: