Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիները կհայտարարագրեն միայն եկամուտները, գույքը չի հայտարարագրվի, հայտարարագիր չներկայացնելու դեպքում էլ 5000 դրամ տուգանք կկիրառվի

Քաղաքացիները կհայտարարագրեն միայն եկամուտները, գույքը չի հայտարարագրվի, հայտարարագիր չներկայացնելու դեպքում էլ 5000 դրամ տուգանք կկիրառվի
Հասարակություն
17:47, 03 август 2023
2023-2025թթ. Հայաստանում նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Համակարգը կներդրվի փուլային տարբերակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

«Պետության համար պետք է տեսանելի լինի մեր քաղաքացիների եկամուտների ընդհանուր պատկերը, որպեսզի ավելի թիրախային սոցիալական քաղաքականություն իրականացվի»,- նշեց պաշտոնյան՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի ժամանակ որոշակիորեն դժվար է եղել թիրախային օգնության տրամադրումը քաղաքացիներին։   

 «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանն էլ չբացառեց, որ հնարավոր է քաղաքացին իր եկամուտները ցածր հայտարարագրի և պետությունից սոցիալական աջակցություն՝ նպաստ ստանա, քանի որ համակարգը չի նախատեսում գույքի հայտարարագրում. «Գույքը չենք հայտարարագրում, այստեղ է աբսուրդը, միայն եկամուտներն ենք հայտարարագրում, և ստացվում է՝ ով ստվերային եկամուտներ ունի, էլի չի հայտարարագրի իր եկամուտները՝ կմնա ստվերում, և կստացվի, որ նպաստը ստանում է նա, ով խաբում է»։

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի խոսքով էլ՝ քաղաքացիների մեծ մասի մոտ վարքագիծ կա, որ ստացած եկամուտը չհայտարարագրեն. «Որոշները նույնիսկ տեղյակ չեն, որ ստացած եկամտից պետք է հարկ տան։ Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտները, մենք, որպես պետություն, ձեր վճարած հարկերի մի մասը կվերադարձնենք։ Միգուցե սահմանված 100.000 դրամի շեմը բավարար չի քաղաքացիների մոտ այդ շարժառիթը ակտիվացնելու համար, բայց հիմա բյուջետային հնարավորությունները դեռ այնքան չեն, որ ավելի մեծ գումարով մուտք գործենք համակարգ»։ 

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահն էլ այն կարծիքին է, որ հնարավոր է 100.000 դրամի շեմը բարձրացնել՝ հաշվի առնելով կառավարության կողմից այլ ոլորտներում տրվող սուբսիդիաները։  

Թե ինչպես է իրականացվելու հայտարարագրումը՝ Օրի Ալավերդյանը նշեց, որ առաջին հաշվետու տարին 2023թ. է, և առաջին փուլում հանրային ծառայողներն են ներկայացնելու եկամուտների հայտարարագիր, ինչպես նաև 2024թ. ընթացքում 20 մլն դրամ վարկ ստացածները, իրական շահառու հանդիսացող քաղաքացիները և 1 մլրդ ու ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը. «Այսինքն՝ 2023թ. ավարտվելուց հետո, մինչև 2024թ. մայիսի 1-ը հայտարարատուները պետք է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում ստեղծված ծրագրային ապահովման միջոցով, որը լինելու է նաև հեռախոսային հավելվածի տեսքով, մի քանի քայլեր կատարելով լրացնեն իրենց հայտարարագիրը։

Համակարգն ինքնաշխատ է, այսինքն՝ հարկային մարմնում եղած եկամուտների և սոցիալական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվելու է համակարգում, և քաղաքացին պետք է ստուգի, ըստ անհրաժեշտության փոփոխի ու հաստատի»,- ասաց նա։

Օրի Ալավերդյանի խոսքով՝ երկրորդ փուլում հայտարարատու են լինելու հանրային ծառայողները, բոլոր վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում եկամուտ ստացողները. «Նույն տրամաբանությամբ կիրականացվի հայտարարագրի ներկայացումը՝ 2024թ. իրենց եկամուտները կհայտարարագրեն մինչև 2025թ. մայիսի 1-ը»։ 

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշեց, որ առաջին անգամ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում քաղաքացին կստանա նախազգուշացում, այնուհետև տուգանք կկիրառվի՝ 5000 դրամի չափով։ 

Ինչ վերաբերում է տրանսֆերտներին՝ արտերկրից փոխանցվող գումարներին, Օրի Ալավերդյանն ընդգծեց, որ դա չհարկվող եկամուտ է, այսինքն՝ ֆիզիկական անձանց միջև նվիրատվություններ են։

Նարա Մարտիրոսյան