Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
Մշակույթ
19:47, 18 октябрь 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Ցուցահանդեսում ներկայացվում է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամա­նակակից գրականություն (մանրամասները՝ «armlit.am» կայքում): Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:

«Հայաստանի տաղավարն այս տարի  նվիրված է լինելու Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:
Հայկական պատվիրակության կազմում են «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Արի» գրականության հիմնադրամը, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը»»,- ասվում է հաղորդագրության մեջ: