Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է բողոքի ակցիա արած Շիրակի մարզի ուսուցիչներին. Ինչ է խոստացել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է բողոքի ակցիա արած Շիրակի մարզի ուսուցիչներին. Ինչ է խոստացել
Գիտություն
15:30, 09 январь 2024
Այսօր Շիրակի մարզի մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության մոտ։ Ուսուցիչները դժգոհում են ատեստավորման կարգից։ Նրանք ասել են, որ կառավարությունը կարող էր հետաձգել ատեստավորման կարգի կիրառումը՝ իրենց թույլ տալով առանց նախապայմանի շարունակել աշխատել։

Civic.am-ին ԿԳՄՍ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ուսուցիչներին և հանդիպման ընթացքում նրանց ներկայացրել է օրենսդրական կարգավորումը, և այն բնականաբար պետք է կատարվի, և չի կարող օրենքի պահանջն անտեսվել: Բայց մյուս կողմից նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է ուսուցիչների ներդրումը և վաստակը հանրակրթության համակարգում, ինչպես նաև նրանց հետագա ընդգրկվածությունը հանրակրթության համակարգում՝ նշելով, որ դրա կարիքը մեր դպրոցները շատ ունեն։  

«Նախարարի կողմից առաջարկվել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ մասնավորապես առաջարկելով ուսման վարձի փոխհատուցում, այն դեպքում, եթե նրանք կունենան կրթությունը բուհում շարունակելու ցանկություն։ Այս պահին ուսուցիչներին առաջարկվել է իրենց տվյալները ներկայացնել նախարարություն՝ հստակ նշելով, թե իրենք ինչպիսի կրթություն են ունեցել, ինչ ուղղությամբ են շարունակելու իրենց կրթությունը։ Այդ ամբողջական տվյալների հավաքագրումից հետո կիրականացվի վերլուծություն, տվյալների ամբողջացում, որպեսզի  հնարավոր լինի փոխհատուցման խնդրով համապատասխան որոշում կայացնել կառավարության աջակցությամբ։ Նախարարը նաև նշել է, որ այս պահին միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են իրենց գործունեությունը շարունակել դպրոցներում այն պաշտոնների համար, որոնց համար չի պահանջվում բարձրագույն կրթություն։ Նման պաշտոններ կան»,- ասացին նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարությունից նաև ասացին, որ առաջիկայում համապատասխան շրջաբերական կուղարկվի մարզպետարաններին և դպրոցներին՝ նշելով, որ հանրակրթական միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին, որոնք համապատասխան ատեստավորման շեմը չեն հաղթահարում, այդ հանգամանքով պայմանավորված չեն կարող այլևս շարունակել իրենց մանկավարժական գործունեությունը, նրանց գործունեությունը դպրոցում կդիտարկվի այլ հաստիքների համար։
 Հանդիպման ժամանակ նաև նշել է, որ այն ուսուցիչները, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը, սակայն ինչ-ինչ խնդիրներ ունեն, պարզաբանման կարիք ունեն այս պահին իրենց թեստերի, գնահատականների և պատասխանների հետ կապված, դրանք ևս մեկ անգամ կքննարկվեն, կդիտարկվեն, որովհետև կար ուսուցիչ, որը  բողոքարկել էր, և իրեն չէր բավարարել բողոքարկման պատասխանը։

«Նման դեպքերում, եթե ուսուցիչները դրա կարիքը տեսնում են, կարող են կամավոր ատեստավորման արդյունքների թեստերի պատասխանները ևս մեկ անգամ քննարկել»,- ասացին նախարարության լրատվականից։ 
Առաջիկայում հարցի առնչությամբ նախարարությունը հանդես կգա պարզաբանմամբ։
 
Լիլիթ Թադևոսյան