Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասին շատ խոսելու կարիք ունենք. ԿԳՄՍ նախարարը` բուհերի միավորման և Կոնսերվատորիայի շուրջ աղմուկի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մեկ հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է. «Կրթության զարգացման՝ մինչև 2030թ. պետական ծրագիրը հաստատված է ԱԺ կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան»։

Խոսելով պետական կոնսերվատորիայի միավորման վերաբերյալ հնչող դժգոհություններից՝ նա ասել է, թե առաջարկվել էր բուհերին մինչև այս տարվա փետրվարի 15-ը տալ իրենց առաջարկները. «Հիմա ձևավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղություններով, մանրամասն քննարկելու ենք բոլոր կողմ և դեմ տեսակետները, հիմնավորումները և փաստարկները։ Նաև՝ արվեստների ուղղությամբ երեկ կայացել է առաջին քննարկումը, կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ներգրավված են այնտեղ։ Սա շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, իհարկե, սիրով բոլոր եղած կարիքները կլսենք։ Կարծում եմ՝ միասին շատ խոսելու կարիք ունենք․ մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու առումով»։