Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մանուկյան, կրթական վատ համակարգը նախորդ 20 տարիների ձեր կուսակցական նախարարների հետևանքով է. Նարեկ Բաբայան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը իր ելույթում հայտարարում էր, որ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է, ինչը նշանակում է, որ 10 տարեկանը լրացած երեխաների 1/3-ը չի հասկանում, թե ինչ է կարդում. «Իսկ այսօր այս ամբիոնից Գեղամ Մանուկյանը հայտարարում է, թե նախագիծը շփթփ բերվել է, որպեսզի մեկ օրվա ընթացքում ընդունվի այս օրենքը և գլխիվայր շրջվի կրթական համակարգը: Այն դեպքում, երբ օրենքի նախագիծը շրջանառության է դրվել հունիս ամսից, էն դեպքում, երբ կառավարությունն այս օրենքի նախագծին հավանություն է տվել 20 օր առաջ, ինչպես նաև այս մասին բազմաթիվ քննարկումներ են եղել հեռուստաեթերներում»:

Նրա խոսքով՝ Արմեն Գևորգյանը չէր, որ պետք է խոսեր կրթական վատ համակարգի մասին, որովհետև դա նախորդ 10-20 տարիների հետևանք է. «Պարոն Մանուկյան, պարոն Ավետիսյան, վատ ուսուցիչներ կան նախորդ 20 տարիների ձեր կուսակցական նախարարների և ՀՀԿ-ական նախարարների հետևանքով: Այդ վատ տնօրենները եղել են կուսակցականացված, ընտրությունից ընտրություն ձայն ապահովողներ: Եվ հիմա ընդամենը փորձ է արվում ապակուսակցականացնել և թողնել տնօրենին միայն կրթությամբ զբաղվելու: Իսկ չինովնիկական ատրիբուտից զրկված որոշ տնօրեններ կարող են և բողոքել»: