Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասկանում ենք, որ գիտության զարգացումը ոչ միշտ է ունենում անմիջական, կարճ և ուղիղ արդյունքներ. ֆինանսների նախարար

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ հանդիպմանը բավականին երկար խոսակցություն են ունեցել՝ կապված  արդյունքային ցուցանիշների հետ, և մասնավորապես գիտությանը հատկացված գումարների վերաբերյալ։      

«Ըստ էության, կային գումարներ, բայց որոշակի կոնկրետ արդյունքներ ներկայացված չէին՝ գոնե բյուջեի նախագծում։ Ես, իհարկե, հարցում եմ ուղարկել նախարարություն, որպեսզի հասկանանք՝ ինչի վրա ենք ծախսել։ Խոսքը վերաբերում էր 20 և ավելի միլիարդ դրամին։ Ես ուզում եմ ձեր մոտեցումը հասկանալ՝ ինչպե՞ս եք առաջնորդվելու նմանատիպ դեպքերում։ Որովհետև կոնկրետ հանձնաժողովն արձանագրել է, օրինակ, գիտական հետազոտությունների թիվ, ասենք՝ գրված է էսքան միլիարդ դրամ, տակը արդյունքային ցուցանիշը՝ գիտական հետազոտությունների թիվ ու ոչ մի բան, ասենք՝ ի՞նչ ենք արել դրա դիմաց, ի՞նչ է ստացել ՀՀ-ն, ի՞նչ արդյունքներ են դրա դիմաց ստեղծվել և այլն։ Ինչքանո՞վ են այդ հետազոտությունները գիտական, թե ոչ գիտական, ինչքանո՞վ են այդ գիտական հետազոտությունները պետք և այլն։ Այս հարցերին դուք, որպես ֆինանսավորող, ինչպե՞ս եք նայում»,- հարցրեց Գևորգ Պապոյանը։

Ի պատասխան նախարարն ասաց, որ ֆինանսների նախարարությունը, որը որպես մարմին պատգամավորի հարցին պետք է պատասխան տա, արդյունքային ցուցանիշների այդպիսի բովանդակությանն այնքան էլ կողմ չի, իրենք փորձում են հարցին մի քիչ բազմակողմանի նայել՝ այն իմաստով, որ հասկանում են՝ գիտության զարգացումը ոչ միշտ է ունենում անմիջական, կարճ և ուղիղ արդյունքներ, որովհետև գիտության զարգացումը կարող է կապված լինել հետագա տարիներին գիտության կողմից արված մշակումների, առևտրայնացման հետ, և դա կարող է պահանջել ոչ թե մեկ, այլ տասը տարի։  

Մանրամասները՝ տեսանյութում