Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով․ Արթուր Մելիքբեկյան

«Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով․ Արթուր Մելիքբեկյան
Սպորտ
13:32, 18 декабрь 2023
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

Օրեր առաջ Երևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՖՖ-ն տարբեր կազմակերպություններից 70 միլիոն եվրո է ստացել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այս թվերը:  
-Ես շատ երկար Արթուր Սողոմոնյանի ասուլիսի մասին չեմ ցանկանում խոսել: ՀՖՖ-ն այժմ շատ մանրամասն պատասխան է պատրաստում այդ մասին և շուտով կներկայացնի այն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 70 միլիոն եվրո չի ստացել: Նույնիսկ մոտիկ գումար էլ չի ստացել մի շարք կազմակերպություններից: Եվ դա շատ հեշտ էր հաշվել, քանի որ մենք ամեն տարի ներկայացնում ենք մեր բյուջեն, որը բաց է և թափանցիկ: Նախորդ տարի մեր բյուջեն կազմել է 4 միլիարդ դրամ, որը մոտավորապես կազմում է 10 միլիոն եվրո: Այս 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է շուրջ 28 միլիոն եվրո, իսկ ՖԻՖԱ-ից՝ շուրջ 7.2 միլիոն դոլար: Մինչդեռ ակումբները նույն ժամանակահատվածում ստացել են 22.5 միլիոն եվրո: Այս թվերն ապացուցում են, որ տեղեկատվությունը սուտ է:

-Գործկոմի կազմը շարունակաբար քննադատության է ենթարկվում: Ինչպիսի՞ ձևաչափ է պետք առավել թափանցիկ գործկոմ ունենալու համար և ընտրական գործընթացում:

-Գործկոմի անդամներին ներկայացնում են ակումբները: Եվ այժմ գործկոմում մենք ունենք տարբեր ակումբների ներկայացուցիչներ: Այսինքն՝ գործկոմը ոչ թափանցիկ լինել չի կարող: Մեր բոլոր որոշումները հրապարակվում են: Հայաստանի ֆուտբոլը միայն Բարձրագույն խումբը չէ: Նույնը կլիներ, եթե ՈՒԵՖԱ-ն թույլ տար ընտրությանը մասնակցել միայն Իտալիային, Գերմանիային, Իսպանիային Անգլիայի, Ֆրանսիային և ձայնի իրավունք չտար փոքր երկրներին: Եվ այն առաջարկները, որ «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն չպետք է ընտրության համար ունենան մեկ ձայն, նույնն է, որ ասենք, որ, օրինակ, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ում ավելի շատ ձայն պետք է ունենա, քան, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բնականաբար, մենք դեմ կլինենք դրան: Սա հավասարության հարց է, որը պահպանվում է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում:  

-Պարոն Մելիքբեկյան, քննադատության այսպիսի ձայն է բարձրացվում․ ասվում է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու կարող է առաջադրել այն ակումբը, որը ներկայացուցիչ ունի Առաջին կամ Բարձրագույն խմբում: Ձեզ առաջադրել է «Անի» ակումբը, որը ներկայացուցիչ չունի վերոնշյալ ոչ մի մրցաշարում:

-Յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել ՀՖՖ նախագահի թեկնածու: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ ՀՖՖ անդամը, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլով և ունի 500 երեխա կամ ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց ֆուտբոլով կամ ֆուտզալով, չեն կարող առաջադրել: Իհարկե, կարող են: Իմ  կարծիքով՝ սա մանիպուլյացիա է և ուղղված է նրան, որ վարկաբեկվի ընտրական գործընթացը: Կանոնադրության հստակ պահանջները կատարվում են, և կա հստակ ընտրական կոմիտե, որն անկախ մարմին է: Անցյալ ընտրություններում մենք հստակ տեսանք, թե ինչպես է իրականացվում ընտրությունների կարգը: Հայկական ֆուտբոլն ամբողջական բուրգ է, և մենք չպետք է տեսնենք միայն վերևի հատվածը:  Օրինակ, «Անի» ակումբը դա փաստացի Խորեն Հովհաննիսյանի դպրոցն է, որտեղ այս պահին 350-400 երեխա է մարզվում: Բացի դա, ընդգծեմ, որ մի շարք այլ ակումբներ նույնպես առաջարկել էին առաջադրել իմ թեկնածությունը, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:  

- Հայաստանի առաջնությանը մասնակից մեծագույն ակումբների ղեկավարները այն կարծիքին են, որ «ՀՖՖ-ն կորցրել է վստահությունը», «անցել է կարմիր գիծը», և ֆուտբոլային հասարակությունը բաժանված է երկու մասի: ՀՖՖ-«Փյունիկ» «հակամարտությունը» շարունակվում է: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

-Մենք կսպասենք ընտրություններին․ կտեսնենք, թե ՀՖՖ նախագահը որքան ձայն կհավաքի ու կհասկանանք՝ ֆուտբոլային հասարակությունը բաժանվա՞ծ է երկու մասի, թե՞ ոչ:

-«Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը մեծ աժիոտաժ առաջացրեց ֆուտբոլային հասարակությունում` մեջբերեմ. «Եթե վերընտրվի Մելիքբեկյանը, ապա «Փյունիկ»-ը և ակադեմիայի թիմերը չեն մասնակցի հաջորդ տարվա առաջնությանը»: Միթե՞ սա ճգնաժամի չի հանգեցնի:

-Բացարձակ: «Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով: Նա թիմի պատմության մի փոքր մասն է: Բոլոր երեխաները կշարունակեն խաղալ ֆուտբոլ: Մենք ունենք այդ հնարավորությունները և ունենք այդ լծակները, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր «Փյունիկ»-ից դուրս կմնան, շարունակեն խաղալ:  Կարծում եմ՝ սրանով հարցն ամբողջապես փակված է: Բայց միևնույն ժամանակ ես չեմ շտապի որևէ գնահատական տալ այս հայտարարությանը, որովհետև Արթուր Սողոմոնյանի բազմաթիվ հայտարարություններ չեն իրագործվել: