Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաս Օզբիլիզին շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած․ Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում իր մրցակցի մասին

Արաս Օզբիլիզին շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած․ Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում իր մրցակցի մասին
Սպորտ
13:05, 18 декабрь 2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

-Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:

- Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:  

-Տարբեր տարիքային հավաքականների վերջին ելույթները, մեղմ ասած, հուսադրող չէին: Ի՞նչ է կատարվում թիմերում և ինչո՞ւ չի հաջողվում կայուն արդյունք ունեցող թիմ ունենալ:

-Պատանեկան և երիտասարդական հավաքականների խնդիրը երկու տարբեր կողմ ունի: Այսօր 4 ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնց տարիքը թույլ է տալիս հանդես գալ Մ-21 հավաքականում, խաղում են ազգային հավաքականում: Նրանցից երեքն ազգային հավաքականի  հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Ի սկզբանե, մարզիչը  4 ֆուտբոլիստի տեղափոխեց ազգային թիմ` կարևորելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Երբ երիտասարդական հավաքականը զրկվում է այդ քանակի ֆուտբոլիստներից, իսկ նրանք թոփ ֆուտբոլիստներ են երիտասարդական ընտրանու համար, մենք արդյունքների խնդիր պետք է ունենանք: Ազդեց նաև Ռաֆայել Նազարյանի հրաժարականի որոշումը: Եվ այս ընթացքում  պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ՝ երիտասարդական ընտրանու հետ կապված ճիշտ որոշում ենք կայացրել` վերադարձնելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Ինձ համար շատ կարևոր քայլ էր նրա նշանակումը: Վստահ եմ` Արմեն Գյուլբուդաղյանցը դրական աշխատանք կկատարի ԲԿՄԱ-ում և երիտասարդական թիմում, և  վերջին 4 խաղում մենք անպայման միավորներ կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկան հավաքականներին, այստեղ մի գլոբալ խնդիր ունենք, որը վերաբերում է Մ17 տարեկանների թիմին: Պատմության ընթացքում մշտապես ունեցել ենք շատ վատ արդյունքներ: Իմ օրոք 3 ընտրական փուլ ենք անցկացրել և ոչ մեկում չենք կարողացել վերջին տեղը չզբաղեցնել: Նախկինում էլ է այդպես եղել, ամբողջ պատմության ընթացքում Մ17 տարեկանների հավաքականն ընտրական փուլը  հաղթահարել է ընդամենը երկու անգամ: Բազմաթիվ պարտություններ ենք ունեցել, անգամ Սան Մարինոյի հետ ոչ-ոքի խաղացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով արդարանանք: Դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացումներ ունենք խնդիրների մասին և շատ լուրջ ծրագիր ենք ուզում ներդնել մարզիչների խմբի հետ, որպեսզի փոխենք մոտեցումները: Եվ այս տարի արդեն իսկ սկսել ենք, բայց այստեղ արդեն հարցը մեր առաջնություններն են և ֆիզիոլոգիան է, քանի որ մեր ֆուտբոլիստներն ավելի ուշ են հասունանում, քան կենտրոնական, հյուսիսային Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի երկրների ֆուտբոլիստները: Մ19 տարեկանների հավաքականում այն մոտավորապես հավասարվում է: Մ17 տարեկանների հավաքականում ներդնելով այս ծրագիրը՝ գալիք երկու տարում կարող ենք տեսնել, թե ինչ կլինի: Եվ մի կարևոր հանգամանք ևս․ այո, մինչև 17 տարեկանների մեր առաջնությունը մրցակցային առումով այդքան էլ ուժեղ չէ: Եվ խոսքը երկու թիմի մասին չէ, այլ շատ: Բայց ֆուտբոլիստները սկսում են աճ գրանցել, երբ նրանց տեղափոխում ենք Առաջին խումբ կամ Բարձրագույն խումբ: Ինչ վերաբերում է Մ19 տարեկաններին, մենք նախորդ տարիների ընթացքում մեկ անգամ հաղթահարել ենք նախնական փուլը` մտնելով Էլիտ ռաունդ, որը 10 տարի անց առաջին անգամն էր: Եվ վերջին երկու տարիներին լուրջ խնդիրներ ենք ունեցել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառներով: Այս տարի ևս բազմաթիվ կորուստներ ենք ունեցել վնասվածքների, թղթաբանական խնդիրներ պատճառով, որն ազդեց թիմի ելույթների վրա: Բայց այդ տարիքում շատ ավելի դրական ենք տրամադրված, քանի որ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Հայաստանի առաջնություններում: Կարծում եմ` փոփոխությունները 2024 թվականին պետք է տեսնենք:     

-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:

-Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում