Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի բանակը Լուգանսկի իրենց վերահսկողության տակ գտնվող 4 քաղաքների շենքերի արանքներից կրակում է ԼԺՀ-ի ուղղությամբ. Լուգանսկի հայերի միության նախագահ․ Տեսանյութ

Նավթաբազան Լուգանսկ քաղաքի ծայրամասում է, առավոտյան ժամը 07-ին պայթյունը լսեցինք, մինչև հիմա այրվում է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի հայերի միության նախագահ Վարդան Հայրապետյանը։ 

Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Լուգանսկի նավթաբազան։  

«2014թ. ուկրաինացիները առաջին ավիահարվածը հասցրին Լուգանսկի կենտրոնում գտնվող  ադմինիստրացիայի վրա, հենց այդտեղից էլ սկսվեց կռիվը։ Շենքը բավական վնասվել էր, ու 8 զոհ ունեցանք։  Ներկայումս Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքներից դեռ 4-ը գտնվում են Ուկրաինայի տիրապետության տակ՝ Սևերոդոնեցկը, Ռուբեժնոեն, Լիսիչանսկը, Կրեմենոն։ Հիմա Ուկրաինայի բանակը մտել է այդ քաղաքների շենքերի, տների արանքը, ժողովրդին իջեցրել են նկուղ, իրենց տեխնիկաները կանգնեցրել են շենքերի բակերում, տանիքներին ու կրակում են։ Իսկ մեր կողմից էլ չեն կրակում իրենց վրա, որովհետև այնտեղ խաղաղ ժողովուրդ են ապրում՝ իրենք կտուժեն»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Վարդան Հայրապետյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ԼԺՀ-ում մոտ 3000 հայ է ապրում, պատերազմի պատճառով մեծ թվով կանայք և երեխաներ լքել են հանրապետությունը, իսկ այն հայերը, որոնք չեն լքել ԼԺՀ-ն, իրենց տներում ապահով նստած են և մտադրություն չունեն հեռանալու։ 

Լուգանսկում այրվող նավթաբազան տեսանկարահանել է Լուգանսկի հայերի միության նախագահ Վարդան Հայրապետյանը՝ պայթյունից ժամեր անց։ 

Նարա Մարտիրոսյան