Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինելու

Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինելու
Աշխարհ
14:53, 30 март 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատել Ռուսաստանի հետ բանակցային հարթակի ազդանշանները, սակայն այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները, փոխանցում է Интерфакс-Украина-ն։

«Դուք կարող եք դրական անվանել ազդանշանները, որոնք մենք լսում ենք բանակցային հարթակից, բայց այդ ազդանշանները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները», – երեքշաբթի օրը տեսաուղերձում ասել է Զելենսկին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան տեսնում է բոլոր ռիսկերը և հիմքեր չի տեսնում վստահելու այն խոսքերին, որոնք հնչում են ագրեսոր պետության առանձին ներկայացուցիչների կողմից։

«Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն, նրանք ներխուժման այս 34 օրերի և Դոնբասում պատերազմի վերջին 8 տարիների ընթացքում սովորել են, որ կարելի է վստահել միայն կոնկրետ արդյունքին, փաստերին: Իհարկե, Ուկրաինան պատրաստվում է բանակցել և կշարունակի։ Բանակցային գործընթացը այնքանով, որքանով իսկապես մեզանից է կախված, մենք հույս ունենք արդյունքի վրա, պետք է լինի իրական անվտանգություն մեզ համար, պետության, ինքնիշխանության համար։

Ռուսական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները: Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինեն: Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինելու: Դրանք հստակ սկզբունքներ են, հնարավոր արդյունքի հստակ տեսլական»,-ասել է նա:

Զելենսկին նաև դիմել է նրանց, ովքեր սոցիալական ցանցերում տեղեկատվություն են տարածում Ուկրաինայի ինքնիշխանության ենթադրյալ կորստի մասին։

«Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, պայքարում ենք մեր ազատության համար, քանի որ մեր ժողովրդի համար նշանակություն ունեցող որոշումները պետք է ընդունվեն ոչ թե մեկ մարդու, ոչ էլ քաղաքական հայացքներ ունեցող մի խումբ մարդկանց կողմից, այլ մեր ողջ ժողովրդի կողմից»,- եզրափակել է նա։

Թարգմանությունը՝ 1in.am