Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են. ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են. ՀՀ ԱԱԾ
Տարածաշրջան
22:20, 31 август 2022
Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից։
 
Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։

Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին`
 
  • արդյոք այդ գործընթացը համաձայնեցվա՞ծ է Ադրբեջանի հետ,
  • ե՞րբ է նախատեսված անցակետերի գործարկումը,
  • արդյոք անցակետերը գործարկվելո՞ւ են մինչ դելիմիտացիայի և դեմարկացիայի ավարտը,
  • անցակետերը կարո՞ղ են գործարկվել մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
  • ԱԱԾ-ն ներկա պայմաններում երկրի համար անվտա՞նգ է համարում Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտը ՀՀ տարածք։
Ի պատասխան ՀՀ ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
 
«Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ՀՀ ԱԱԾ-ն։