Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը զգացե՞լ է վտանգը, թե՞ ձեռք բերել պայմանավորվածություններ. Լավրովի խոսքը Բայրամովին 1in.am

Ռուսաստանը զգացե՞լ է վտանգը, թե՞ ձեռք բերել պայմանավորվածություններ. Լավրովի խոսքը Բայրամովին 1in.am
Տարածաշրջան
19:00, 18 январь 2023
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված կետերի։ Ռուսաստանը արտգործնախարարի մակարդակով կարծես թե առաջին անգամ է բարձրաձայնում խնդիրն այդօրինակ շեշտադրումով: Դրա պատճառները թերևս մի քանիսին են: Նախ, նկատելի է խնդրի միջազգային հնչեղության որոշակի աճը, ինչը իհարկե պայմանավորված է մի շարք բազմազան հանգամանքներով, սակայն որքան շարունակվում է արգելափակումը, այնքան ավելի բարդ է դրա միջազգային «լոյալության» ապահովումը, ինչը բերում է արդեն նոր իրողությունների:


Ի դեպ, Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստին «զուգահեռ», որում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է հարցը: Միջազգային հնչեղությունը բարձրացնում է նաև ՌԴ պատասխանատվությունը և որքան շարունակվում է փակ իրավիճակը, այնքան Ռուսաստանի համար ավելանում են մարտահրավերները՝ մանդատը կորցնելու, և դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքների իմաստով: Իհարկե միևնույն ժամանակ Մոսկվան չունի Ադրբեջանի, նաև դրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ կոշտ խոսելու հնարավորություն, ինչից էլ օգտվում է Բաքուն, բայց միևնույն ժամանակ նկատելի է, որ վերջին օրերին տեղի ունեցան բավականին իտենսիվ շփումներ Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա և Իրան-Թուրքիա մակարդակում՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների:

Սա թերևս կարող է լինել մյուս գործոնը, որ բերել է Լավրովի մակարդակով ապաշրջափակման անհրաժեշտությունն արձանագրելու: Սա կարող է նշանակել, որ այդ եռյակի մակարդակով քննարկվել են հարցեր, որոնք Մոսկվային կարող են թույլ տալ Ադրբեջանի առաջ դնել Լաչինի ապաշրջափակման հարցը քիչ ավելի առարկայական շեշտադրումով: Սա բոլորովին չի նշանակում, թե Լավրովի խոսքին հաջորդելու է միջանցքի բացումը: Բայց, խոսքն ինքնին ցույց է տալիս իրավիճակի փոփոխության միտում, որոշակի ինդիկատոր է այդ իմաստով:

Այստեղ հարկ է նկատել, որ առանցքային գործոնը թերևս այն է, որ հայկական կողմերը՝ Հայաստանն ու Արցախը ընտրեցին ադրբեջանական շանտաժին դիմակայելու ճանապարհը, իհարկե շարժվելով այդ ճանապարհով բավականին բարդ ու ճկուն, հակասական խաղի միջոցով, սակայն այդ կերպ փորձելով տուրք չտալ շանտաժին և թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը ստեղծի իր պարտավորություններից շանտաժի ճանապարհով խուսափելու նախադեպ: Կրկնեմ, խնդիրը բոլորովին հանգուցալուծված չէ և անգամ չկան հիմքեր եզրակացնելու, որ՝ եթե Լավրովը այդպիսի բան է ասել Բայրամովին, ուրեմն մոտ է հանգուցալուծումը:

Ավելին, որևէ կերպ հնարավոր չէ երաշխավորել որևէ շրձադարձի բացառում, հետևաբար Երևանն ու Ստեփանակերտը ունեն անցնելու բարդ ճանապարհ, ամեն մեկն իր դիրքավորման և պատասխանատվության շրջանակում: Այդ պատասխանատվությունը պետք է բարձրանա ավելի՝ այդ թվում նաև հանրությունների առաջ պատասխանատվության իմաստով: Դաէ իրավիճակի փոփոխության շարժիչը: