Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտային մեծ պոտենցիալը պահպանվում է. ինչն է դրա պատճառը՝ ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի

Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտային մեծ պոտենցիալը պահպանվում է. ինչն է դրա պատճառը՝ ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի
Ռուսաստան
12:35, 14 февраль 2024
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է կոնֆլիկտային մեծ պոտենցիալը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ առանձին պետություններ օգտագործում են այս իրավիճակը Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ձեռք բերելու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ունենալու նպատակով։

«Առանձին պետությունների կողմից փորձեր են արձանագրվում ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, հասանելիություն ունենալու դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ապահովելու իրենց անմիջական ելքը դեպի Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվորեն օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտային բարձր պոտենցիալը»,- նշել է նա։

Այս համատեքստում իրավիճակի հետագա կարգավորման գործում կարևոր է խաղաղության համաձայնագրի կնքումը: 
Սերդյուկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ապակառուցողական գործունեությունը։

«Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, շարունակվում են դրսից փորձերը ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա։ 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ մնալ և պահանջում է կազմակերպության ռազմական պոտենցիալի ամրապնդում։ ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումը հրահրում է բազմաթիվ հակամարտություններ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հանգեցնում առանձին պետությունների միջև ներքաղաքական և ազգամիջյան հակասությունների աճի, ինչպես նաև նպաստում իրենց գոտու շուրջ անկայունության ձևավորմանը: