Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՏՀ-ն առաջին անգամ իր բյուջեից ծածկելու է ԵԱՏՄ շրջանակում համագործակցող արդյունաբերողների ծախսերի զգալի մասը. նոր հայեցակարգը կներդրվի 2024թ. հունվարի 1-ից

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրումը:

Նիստը նախագահող Վաղարշակ Հակոբյանն իր խոսքի սկզբում նշեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում. ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  աճելով 41 տոկոսով։

«Ընդհանուր առևտրաշրջանառության 37 տոկոսը կամ շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներին։ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալները այս ամիսների ընթացքում աճել են 66 տոկոսով՝ կազմելով 3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 20 տոկոսով՝ կազմելով 2,7  միլիարդ ԱՄՆ դոլար։ ՀՀ արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմում է 52,7 տոկոս, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 27,5 տոկոս։ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների 40 տոկոսը կամ շուրջ 800 միլիարդ դրամը բաժին է ընկնում միայն ՌԴ-ին։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ է այցելել 1,8 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 47,4 տոկոսը՝ ՌԴ-ից»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը։  

Նա նաև ասաց, որ վերոնշյալ հայեցակարգի ներդրումը ենթադրում է միության անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կողմից անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում, որը կարող է լինել ինչպես էլեկտրոնային ձևաչափով, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով, հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով  երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներով ներդրումների հետգնման ժամկետներով։

Նա նշեց, որ գաղափարը նոր է, սակայն հավակնոտ, և այն կարող է մեր երկրին ապահովել հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղական արտադրության կազմակերպմամբ, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական հավելյալ աճով։

Քննարկմանը մասնակից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, ներկայացնելով հայեցակարգի մանրամասները, ասաց, որ ԵՏՀ-ի  շրջանակներում 2024 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը՝ մշակող արդյունաբերության ոլորտում։

«Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ իրար հետ համագործակցում են արդյունաբերական որևէ ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր բյուջեից ծածկելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ծախսերի զգալի մասը։ Կախված, թե որ երկրի արժույթով է, օրինակ՝ եթե դրամով է ներդրումային ծրագրի ֆինանսավորումն իրականացվում, ապա այդ երկրի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով։ Այս ծրագրի մշակման ընթացքում Հայաստանն ունեցել է մեծ դեր, և սա, կարելի է ասել, առաջին ծրագիրն է, որ ԵՏՀ-ի միասնական բյուջեից հատկացում է արվելու այս տիպի ծրագրերի ֆինանսավորման համար»,- ասաց նախարարը։ 

Հանձնաժողովում քննարկվեցին նաև ԵԱՏՄ-ում էներգաէֆեկտիվ տեխնոլոգիաների ներդրման և տեղական արտադրության կազմակերպման պետական աջակցության հիմնախնդիրները, որի ժամանակ Վահան Քերոբյանն ասաց, որ իրենց քննարկումների ընթացքում հասկացան, որ էներգախնայողությունն ապահովելու ամենալավ ձևը իրենց ծրագիրը սահմանափակելն է միայն նոր սարքավորումներով։

Նախարարն ասաց, որ իրենց ծրագրով միայն հնարավոր է ձեռք բերել նոր սարքավորումներ, իսկ նոր սարքավորումներ բառակապակցության ներքո իրենք իրականում նկատի են ունեցել բարձր արտադրողական և էներգաարդյունավետ սարքավորումները։

ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախարարից հետաքրքրվեց, թե ծրագիրը ֆինանսավորելուց հետո որքան էներգախնայողություն կունենանք մեկ-երկու տարվա մեջ։

Ի պատասխան նախարարն ասաց, որ էներգախնայողությունն իրենք ապահովում են կամ ուզեցել են ապահովել այս ծրագրի ներքո միայն նոր սարքավորումներ ներմուծելու սահմանափակմամբ։

Քննարկմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որից էլ պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր չէ՞ էլեկտրական մալուխները գետնի տակով անցկացնել։ Քննարկման ավարտին Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ օպերատիվության պակաս կա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան