Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահագրգռել ենք, որ գյուղացին ոչ թե բերք ստանա, այլ՝ «կարկուտ». վարչապետ

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման նախագծի ընդունումը պայմանավորված է 2024թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ». այս մասին այսօր գործադիրի նիստում հարցի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում 2023թ. ապահովագրվել էին ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կեռաս, խնձոր, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան-գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ «Ապահովագրվող ռիսկերն էին գարնանային ցրտահարությունը, երաշտը և կարկուտը։ 2023թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք։ Ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1.8 մլրդ դրամ, տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ մոտավորապես 2.7 մլրդ դրամի չափով»։