Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին ՌԴ-ից եկած մոտ 100 ընկերություններ ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում. տնտեսագետ

Այս պահին ՌԴ-ից եկած մոտ 100 ընկերություններ ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում. տնտեսագետ
Տնտեսություն
19:49, 09 март 2022
«Համաշխարհային տնտեսությունում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացել է աննախադեպ իրավիճակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն իրոք աննախադեպ էին, և նմանատիպ պատժամիջոցներ Արևմուտքը չէր կիրառել երբևէ, նույնիսկ 2014 թվականին՝ Ղրիմի դեպքերով պայմանավորված»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդական, տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։ 
 
Նա նշեց, որ ՀՀ-ն համարվում է համաշխարհային տնտեսության մի մասնիկը, ընդ որում՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և մեր առաջնային ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է, և հետևաբար ՌԴ տնտեսության կարգավիճակից նաև մեծապես կախված է մեր տնտեսությունը։

 Տնտեսագետի խոսքով՝ պետք է այս ամեն ինչը դիտարկել տնտեսական երեք բլոկների շրջանակում։

«Առաջինը առևտրաշրջանառությունն է։ ՀՀ-ին ՌԴ-ի հետ բաժին է  ընկնում Հայաստանի ողջ առևտրաշրջանառության շուրջ 30 տոկոսը։ Օրինակ՝ 2021 թվականի տվյալներով, Հայաստանից արտահանվել է շուրջ 850 միլիոնի ապրանք դեպի ՌԴ, իսկ ՌԴ-ից ներմուծվել է Հայաստան 1,7 միլիարդի ապրանք, հետևաբար առաջին ռիսկը վերաբերում է առևտրաշրջանառությանը, որովհետև հիմա պատժամիջոցների կիրառմամբ ռուբլու փոխարժեքը նվազել է,  հետևաբար Հայաստանից արտահանումը դեպի ՌԴ թանկանում է, հետևաբար մեր ապրանքներն այլևս մրցունակ չեն լինի ռուսական շուկայում, և կունենանք ապրանքաշրջանառության նվազում»,- ասաց Համլետ Մկրտչյանը։

Երկրորդ հարցը ներդրումներն են, և պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն Հայաստանի տնտեսության համար մեծ ներդրող է, որովհետև այստեղ են գտնվում ռուսական խոշորագույն ընկերությունները, նրանց դուստր ձեռնարկությունները, օրինակ՝ «Գազպրոմ»-ը, որը հազար խոշոր հարկատուներից առաջինն է, ՎՏԲ բանկը և այլ ընկերություններ, որոնք ներդրումներ են իրականացնում, և ՀՀ տնտեսությունում կարող են նույնպես ներդրումները նվազել։
Երրորդ խումբը, ըստ տնտեսագետի, տրանսֆերտներն են, որովհետև Հայաստանի տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։ 

«Եթե անցյալ տարին դիտարկենք, շուրջ 850 միլիոն դոլարի միայն Ռուսաստանից ենք ստացել տրանսֆերտներ, և եթե պարզ լեզվով ասենք, ապա այն ժամանակ, երբ ուղարկել են, ենթադրենք, 1000 ռուբլի,  այստեղ այդ հազար ռուբլին վերածելով դրամի՝ դա կազմել է մոտավորապես 6000-7000 դրամ, հիմա այդ 1000 ռուբլու գնողունակությունը նվազել է, և հիմա այն 3000-4000 դրամ է, հետևաբար այդ տրանսֆերտները գումարային առումով կմնան նույնը, սակայն գնողունակությունը կնվազի, ուստի ՀՀ-ում էլ սպառումը կնվազի»,- ասաց Համլետ Մկրտչյանը։    

Խոսելով նաև Հայաստան ներկրվող ցորենի մասին՝ տնտեսագետն ասաց, որ ներկրման 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և շատ փոքր մաս՝ Ուկրաինային, և եթե պարենային ապրանքների գները դիտարկվեն, ապա համաշխարհային այս աննախադեպ տնտեսական տեկտոնական շարժումների հին ֆոնի վրա ինքը կարող է ասել, որ պարենի գները նույնպես հնարավոր է փոխվեն, և հնարավոր է, որ Ռուսաստանում նույնպես թանկանա այն և արդեն դեպի Հայաստան ներմուծվի ավելի թանկ։ Սակայն տնտեսագետը չի բացառում, որ այլընտրանքային ներկրումների հնարավորություն նույնպես կա, օրինակ՝ Ղազախստանից, Ղրղզստանից, սակայն այստեղ հարցը գինն է, թե ինչ գնով և ինչ քանակով կմատակարարվի։ 

«Իսկ մատակարարումների հետ կապված՝ տրանսպորտային կամ բեռնափոխարդումների հետ կապված, թե՝  կառաջանան ռիսկեր, ապա այս պահին ես չեմ տեսնում նմանատիպ ռիսկեր»,- ասաց Համլետ Մկրտչյանը։

Տնտեսագետը նաև ասաց, որ այս ֆոնին անպայման ուզում է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանձնարարականով ստեղծվել է  աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի աշխատակիցները և Ներդրումների աջակցման կենտրոնը, որտեղ երեք կառույցները միասին աշխատում են նոր երկած ռուս գործընկերներին դիմավորելու և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու ուղղությամբ։   
«Պայմանավորված պատերազմական իրավիճակով և տարածաշրջանի անկայուն իրավիճակով՝ մեր շատ  ռուս գործընկերներ գալիս են Հայաստան և ձևակերպում են իրենց բիզնեսը պետական ռեգիստրում։

Նրանք հիմնականում  ՏՏ ոլորտի, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտից են, և մենք ուղեկցում ենք մեր ռուս գործընկերներին, առաջին անհրաժեշտ խորհրդատվությունն ենք տալիս՝ ինչպես բացել բիզնես, ինչպես ընկերություն գրանցել, հաշվապահական հաշվառման կանոններն ենք  սովորեցնում, օրենքներին ենք ծանոթացնում, տեղեկացնում, թե ինչպիսի աջակցման մեխանիզմներ է տրամադրել պետությունն առհասարակ, որպեսզի կարողանան իրենց բիզնեսը հաջող կերպով բացել Հայաստանում։ Այս պահին մոտ 100 ընկերություններ ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում»,- ասաց տնտեսագետը։ 
 
Լիլիթ Թադևոսյան