Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ մոտ տնտեսական և ֆինանսական ցուցանիշները կայուն են, ունենք տնտեսության վերականգնում․ Աշոտ Խուրշուդյան

Մեզ մոտ տնտեսական և ֆինանսական ցուցանիշները կայուն են, ունենք տնտեսության վերականգնում․ Աշոտ Խուրշուդյան
Տնտեսություն
16:26, 02 июль 2021
Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումները կրճատվել են, իսկ ներդրումների կրճատումը նշանակում է ՀՆԱ-ի պոտենցիալի կրճատում․ «Չի կարող որևէ պետություն տնտեսական աճ ապահովել, երբ երկու տարի շարունակաբար ներդրումները կրճատվում են։ Եթե նույնիսկ փորձենք երկարաժամկետ պետական ներդրումներով փոխլրացնել մասնավորը, մենք կարող ենք ընկնել 2000-ականների այն ծուղակը, երբ դրամն սկսեց արժևորվել, արտարժույթի ներհոսք լինել և ամբողջությամբ դա գնում էր մեկ ոլորտի՝ շինարարության։ Դրան գումարվում է արտահանման աճը, սակայն արտահանման աճը, որը հանքահումքային է չի ստեղծում ՀՆԱ-ի պոտենցիալ»։ 

Տնտեսագետի խոսքով՝ այսօր գնային գործոններով պայմանավորված պետական բյուջեի եկամուտները շատացել են և բյուջեն հավանաբար կփակենք ավելի քիչ դեֆիցիտով, քան պլանավորված է․ «Պետությունը պետք է իմպուլս տա, որ գնալու է ավելիք փոքր դեֆիցիտի, քան հայտարարել էր»։ 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ նա նշեց, որ այն մի քանի տարի շարունակ անկում ունեցած ոլորտ է՝ հաճախ սեզոնային պայմաններով, և այս տարի էլ կարող է խնդրահարույց լինել ոռոգման ջրի հետ կապված ինչպես նաև Արցախի հետ կապված՝ մասնավորապես ցորենի խնդրի։ 

Անդրադառնալով Կենտրոնական բանկի գործունեությանը նշեց, որ կարևորը ԿԲ-ի անկախությունն է և կարևոր է՝ արդյո՞ք նոր ընտրված իշխանությունը թելադրում է գնային գործոնները, թե թողնում է ԿԲ-ն որոշի իր քաղաքականությունը․ «Բարեբախտաբար միտումները պահպանվում են՝ այս պահին ԿԲ-ն խիստ քաղաքականություն է վարում»։ 

Տնտեսագետի խոսքով՝ ֆինանսական շուկաներում մենք ունենք ապալծակայնացում՝ լծակը փոքրանում է, սպառողական վարկերը կրճատվում են, հիփոթեքը մնում է կայուն․ «Մեզ մոտ բարեբախտաբար տնտեսական և ֆինանասկան ցուցանիշները կայուն են և այս պահին շոկեր չունենք և ունենք տնտեսության վերականգնում, ճիշտ ոչ այն մակարդակի, որ ասենք հասել ենք 2019թ․ մակարդակին»։