Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական անորոշության վերացումն առաջիկայում լուրջ ազդեցություն կունենա տնտեսության վերականգնման համար․ Տիգրան Ջրբաշյան

Քաղաքական անորոշության վերացումն առաջիկայում լուրջ ազդեցություն կունենա տնտեսության վերականգնման համար․ Տիգրան Ջրբաշյան
Քաղաքականություն
14:47, 02 июль 2021
Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց նաև տնտեսության զարգացման միտումները։ Նա ընդգծեց, որ 2020թ․ երկրորդ եռամսյակը եղել է մեր ամենամեծ անկման շրջանը․ «Տարեկան կտրվածքով մեր վերջին կանխատեսումը, որ մենք արել էինք երկու շաբաթ առաջ՝ վկայում է 4,5-5 տոկոս տարեկան աճ։ Մենք կարծում ենք, որ 3-4-րդ եռամսյակներում տնտեսական աճի տեմպը կլինի մոտավորապես 5, 6, 7 տոկոսի չափով նախորդ տարվա նկատմամբ։ Եվ եթե հաշվի առնենք, որ 2021թ․ ունեցել ենք 3,3 տոկոս անկում այն կբերի 4,5-5 տոկոսի շրջանակներում տարվա կտրվածքով։ Սա ինչ վերաբերում է ՀՆԱ-ի աճին»։ 

Տնտեսագետի խոսքով բոլոր երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի արագ են եղել, քան մեզ մոտ։ Եվ համաշխարհային արդյունքների նկատմամբ մեզ մոտ վերականգնման տեմպերը ուրախություն չեն ներշնչում։ 

«Մենք պետք է ընկալենք, որ քաղաքական անորոշությունների վերացումը լուրջ ազդեցություն կունենա և ես կարծում եմ, որ մենք 3-4-րդ եռամսյակներում կփորձենք վերականգնել այն ինչը չկարողացանք վերականգնել նախորդ եռամսյակի ընթացքում։ IT ոլորտում հիմա մենք ունենք աճ, հանրային սեկտորի աճ ևս կա, որը պայմանավորված էր, թե Covid-ի միջոցառումներով, Էներգետիկայի ոլորտի սպառումը ևս աճել է։ Մեր տեսանկյունից դա կապված է նրանով, որ ի տարբերություն մյուս տարիների, որ Արցախն ապահովում էր իր ներքին սպառումն իր արտադրանքի արդյունքում, հիմա ավելի շատ նստած է Հայաստանի էներգետիկ սպառման վրա, որն էլ բացատրում է այդ սեկտորի ծավալային աճը»,-ներկայացրեց Տիգրան Ջրբաշյանը և հավելեց, որ միջազգային շուկայում պղնձի գնի աճի արդյունքում հանքահումքային ոլորտում մենք ունենք բավական աճի միտումներ։

«Չորս հիմնական սեկտորները, որոնք մեր տնտեսության աճի աղբյուրներն են հանդիսացել՝ դա հանրային սեկտորն է, էներգետիկան է, IT ոլորտը, հանքահումքային սեկտորը, իսկ 2 սեկտորները որոնք բերել են այդ սեկտորների աճի զսպմանը՝ դա ժամանցային է և արտադրության ոլորտն է։ Գյուղատնտեսությունը դեռ թույլ չի տալիս աճի տեմպեր՝ 0-ական մակարդակի վրա է»,- հավելեց նա։