Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարությունը չի կիսում ԿԲ-ի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտներում սպասվող անկման մասին կանխատեսումը

Էկոնոմիկայի նախարարությունը չի կիսում ԿԲ-ի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտներում սպասվող անկման մասին կանխատեսումը
Տնտեսություն
18:43, 13 апрель 2022
Հայրենական արտադրանքի համար նոր շուկաներ որոնելու գործընթացն իրականացվում է անընդհատ՝ անկախ ճգնաժամային փոփոխություններից։ Այս մասին Civic.am-ին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանն ունի՞ արտահանվող ապրանքների նվազում դեպի ՌԴ, եթե այո, ապա որո՞նք են այդ ապրանքները, և արդյոք կա՞ն նախադրյալներ այդ ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կա՞ այնպիսի ՀՀ արտադրանք, որի պահանջարկը, ընդհակառակը, մեծացել է ռուսական շուկայում՝ կապված այս պատերազմական իրավիճակի հետ, նախարարությունից նշել են, որ նման հետևություններ անելու համար դեռ վաղ է, քանի որ վիճակագրական տվյալների հավաքման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ 

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կանխատեսել է արդյունաբերության և շինարարության ոլորտներում անկում։ Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է անում այս ոլորտներում, որպեսզի չգրանցվի աշխատատեղերի կրճատում։

«Որպես սկզբունքային դիտարկում նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի կիսում ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումն առ այն, որ ակնկալվում է արդյունաբերության և շինարարության ոլորտներում թողարկման ծավալների անկում՝ պայմանավորված առկա տնտեսական ռիսկերին զուգահեռ նոր հնարավորությունների ձևավորմամբ, որոնց արդյունավետ օգտագործման պարագայում տնտեսական օգուտները կարող են զգալիորեն գերազանցել հնարավոր տնտեսական կորուստները»,- պատասխանել են նախարարությունից ու հավելել, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում, օգտագործելով համապատասխան գործիքակազմը, հնարավորինս օժանդակում է գործարարներին հնարավոր տնտեսական կորուստներից խուսափելու, ինչպես նաև ստեղծվող հնարավորություններից օգտվելու համար. «Անգամ արտադրության և շինարարության ոլորտներում թողարկման անկման ենթադրության պայմաններում աշխատատեղերի կրճատման սպասումները կարող են էականորեն զգալի չլինել՝ պայմանավորված ընկերությունների կողմից հետագայում տնտեսական վերելքի/վերականգնման ընթացքում համանման հմտությունով և փորձառություններով մասնագետների արագ ներգրավման հնարավորության ռիսկերով»։ 

Նարա Մարտիրոսյան