Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ից ներմուծումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը փոքր-ինչ նվազել են․ ՀՀ-ում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չկա և առաջիկայում չի ակնկալվում. Էկոնոմիկայի նախարարություն

ՌԴ-ից ներմուծումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը փոքր-ինչ նվազել են․ ՀՀ-ում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չկա և առաջիկայում չի ակնկալվում. Էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն
17:00, 16 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր հասարակության շրջանում անհանգստություն կա, որ հնարավոր է խանութներում առաջանա առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Որոշ հրապարակային գործիչներ ավելի հեռուն գնացին և սկսեցին կանխագուշակել մոտալուտ սովի մասին։ 

Պարզաբանելու համար այս մտահոգությունները՝ Civic.am-ը հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ներկայացնում ենք մեր հարցումն ու էկոնոմիկայի նախարարության պատասխանները։

-Հասարակության շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ կան, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով խանութներում կարող է առաջանալ առաջին անհրաժեշտության մթերքների դեֆիցիտ։ Որքանո՞վ են այս մտահոգությունները հիմնավոր։  

- Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ագրոպարենային արտադրանքի ներմուծման մասնաբաժինը փոքր է: 2021 թվականին ներմուծվել է շուրջ 59.4 մլն ԱՄՆ դոլարի ագրոպարենային արտադրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման շուրջ 7.1%-ը: Ներմուծվող ապրանքախմբերից մեծ տեսակարար կշիռ են կազմում շաքարը և թռչնամիսը, որոնք կազմում են ընդհանուր ներմուծման համապատասխանաբար շուրջ   9.6 և 15.1%-ը: Այս երկու ապրանքախմբերի մասով խնդիրներ առկա չեն, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին հատկացվել են քվոտաներ, որի շրջանակներում այդ ապրանքները ցածր մաքսատուրքերով կարող են ներմուծվել երրորդ երկրներից:

Առավել մեծ ծավալներով պարենամթերք ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, մասնավորապես՝ ցորեն 268.1 հազար տոննա (ընդհանուր ներմուծման շուրջ 99%-ը), բուսական յուղ՝ 25.7 հազար տոննա (ընդհանուր ներմուծման շուրջ 94.5%-ը), շաքարավազ՝ 27.0 հազար տոննա (ընդհանուր ներմուծման շուրջ 56.6%-ը): 

- Ռուսաստանից սննդամթերքի ներկրում այս պահին իրականացվո՞ւմ է։ Եթե այո, ապա արդյոք նախկի՞ն ծավալով, իսկ եթե ոչ, արդյոք նոր շուկաներ գտնելու ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ ոչ։ 

- Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը փոքր-ինչ նվազել են՝ պայմանավորված եղանակային պայմաններով Լարսի անցակետի պարբերաբար փակվելու և այդ պատճառով առաջացած բեռնատարների կուտակումներով, ինչպես նաև ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ:

Ներկայումս ցորենի այլընտրանքային մատակարար երկրներ չեն դիտարկվում, քանի որ երրորդ երկրներում ցորենի վաճառքի բորսայական գները զգալիորեն գերազանցում են Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվող ցորենի գներին: Նաև Ռուսաստանից ցորենի ներմուծման հետ կապված խնդիրներ չեն ակնկալվում, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից նախատեսվող ցորենի արտահանման սահմանափակումները ԵԱՏՄ անդամ երկրներին չեն վերաբերում:

- Այս պահին զգալիորեն թանկացել են շաքարավազը և ձեթը, և դա բացատրվում է նշյալ ապրանքների դեֆիցիտով, ի՞նչ քայլեր են իրականացվում՝ ներկրումը  այլ երկրներից իրականացնելու  և հնարավոր դեֆիցիտը մեղմելու ուղղությամբ։

- Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով այսօրվա դրությամբ դեֆիցիտ չկա և առաջիկայում չի ակնկալվում, քանի որ ներմուծման հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում և պարբերաբար քննարկվում են խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով: 
Բացի դրանից, պարենային ապրանքների փոխադարձ առևտրի խոչընդոտները պարբերաբար քննարկվում են ԵԱՏՄ շրջանակներում՝ դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ մշակելու նպատակով: 

Լիլիթ Թադևոսյան